Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/206

Այս էջը հաստատված է

մանչին… և երջանիկ էր նա այդպես՝ յուր արդար գործի և խաղաղ ու սիրելի ընտանիքի մեջ։

Սակայն նրանք ցավ էլ ունեին, և այդ ցավերից ամենաանտանելին էին հարկահանները և գյուղի ավազակ բեգը։

Հարկահանը «զափթիե­­»-ներով գյուղն էր մտնում, ուտում էր, խմում, թափում, կոտրում, հետո հավաքում էր հարկը թե՛կուզ այդ տարի գյուղացին և ո՜չ մի իսկ տավար ունեցած կամ ցորեն քաղած լիներ, թեկուզ սաղ տավարը կոտորված և արտերը այրված լիներ։ Վերջին ունեցածները առնում էր. եթե հակառակում էին՝ ծեծել էր տալիս ժողովում՝ քաղաք տանում, բանտի մեջ օրերով փտեցնում. և կամ տանում՝ ձգում էր՛ վաշխառուների ճանկը, ուր խեղճ գյուղացին գրավ էր դնում հողերը և գոհացնելով հարկահանին՝ տրտում, տխուր. վերադառնում էր գյուղ։

Այստեղ նրան սպասում էր ավազակը, որը գալիս խլում էր կովը և կինը— միայն այդ էր մնացել, գյուղացուն…

Որչա՜փ ուրախ կլիներ, եթե յուր կյանքն էլ խլեին հետը։ Ցավեր էին դրանք, ցավեր, որից ազատ չէ ո՜չ մի թուրքահայ գյուղացի, ո՛ւր մնաց խեղճ ճգնավոր Եղոն:

Եվ երբ մյուս օրը եղոն եկեղեցի գնաց աղոթելու, երբ նա աղոթում էր աստծուն, որ աստված խղճա իրենց, վերցնե նեղությունները, խնայե փոքրերին․ երբ նա բավական աղոթած՝ կարծես ուզում էր հավատալ, որ աստված պիտի լսեր իրեն, հանկարծ քահանայի ձայնը դիպավ ականջին, որը ասում էր.

— Ավազակը ուզում է հեռանալ գյուղիցս, որդի՜ք…

— Շնորհակալ ենք, –աղաղակեց Եղոն,— շնորհակալ ենք, որ դու լսեցիր…

— Բայց— ընդհատեց նրան քահանան՝ շարունակելով,— հեռանալու համար նա 500 ոսկի է պահանջում գյուղից…

— Ա՜խ, աստված…— մրմնջեց Եղոն գլուխը խոնարհեցնելով։

— Ուստի– շարունակեց քահանան,— ամեն տան վրա 5 ոսկի նշանակվեց, որ մի շաբաթվա մեջ այդ տանեն գյուղապետին տան, 500 ոսկին պետք է ժողովվի, ավազակի բերանը ձգվի, որ երթա…

—Որտեղի՞ց տանք…— գոչեցին գյուղացիներն ամեն կողմից։

— Այո՜, ո՞րտեղից…— մրմնջեց Եղոն և նրա՝ դեպի գետին դարձրած՝ աչքերից երկու կաթիկ արցունք գլորվեցին այտերի վրա։

— Ես գիտե՞մ, որդի՜ք,— մեջ մտավ քահանան,— ես էլ պիտի տամ. էլ ի՞նչ անենք, կամ պիտի լռենք և դիմանանք, որն անկարելի է և կամ պիտի ամեն ունեցածներս ծախենք և ճարենք 5 ոսկին:

Եվ լռեց։