Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/207

Այս էջը հաստատված է

Եղոն ոտքի ելավ, առավ չարուխները, ձեռքը բարձրացրեց, որ եկեղեցուց ելնելիս վերջին անգամ խաչակնքե, բայց բարձրացրած ձեռքը ցած ընկավ… մի քանի երերուն քայլեր արեց, երեսը սեղանին դարձրեց, փորձեց աղոթել.

— Տե՜ր,— ուզեց ասել, բայց ձայնը կտրեց և դուրս թռավ եկեղեցուց, հուսահատությամբ նստեց մի քարի վրա և մտածեց.

— Ո՞ւմ աղոթեմ, էլ ո՞վ պիտի լսե մեզ…

Սոսկմամբ ընդհատեց մտածությունը վախենալով հետևող խոսքերից, ընկավ ծնկան վրա և դառնապես արտասվելով ասաց.

— Ների՛ր, աստված իմ, քիչ մնաց մոռանայի քեզ… ա՛խր, աստված, դու էլ շա՜տ լռեցիր, է՜, շա՜տ անգութ մնացիր. չէ՞ որ մենք էլ մարդ ենք, մեզ էլ դու ստեղծեցիր, մենք էլ հավատացինք քո որդի Հիսուսին, մենք էլ անդադար աղոթում ենք քեզ և սկզբից շնորհակալ լինում մեզ անելիք բարություններիդ համար։ Դե՛հ, բարի՛ աստված, խղճա մեզ, գթա՛ մեզ, ողորմիր մեզ։ Էլի՞ երթանք վաշխառուին, էլի՞ հողերնիս գրավ դնենք․ այս անգամ էլ ե՞րբ կարող եմ այդ անօրենի պարտքը յուր կրկնակի տոկոսներով վճարել, հողս ու ընտանիքս նրա կեղտոտ ձեռքերից ազատել…

Գլուխը ձեռքերի մեջ առավ․ արտասուքը խեղդում էր նրան։

Էլ չգիտեր խե՜ղճ Եղոն, որ իրեն պես շատե՜րը չոքել էին եկեղեցու շուրջը և իրեն պես և իրենից ավելի արտասվելով խոսում էին իրենց բոլորովին չլսող աստծու հետ…


Գ

Ամեն վաճառական մի տեղ ունի շուկայում, ուր նա առևտուր է անում, բայց վաշխառուն ամեն տեղ է և սակայն մի որոշ տեղ չունի:

Այդպես էր և Մարտիրոս աղան — Մուշի հարուստներից մեկը, որ միշտ շուկայումն էր լինում, սրա-նրա խանութում նստում ժամերով, խեղճ գյուղացիներ էր գտնում, փող էր տալիս և մուրհակ առնում:

Նա լավ գիտեր մուրհակ գրել, այդչափը տաճկերեն գրել գիտեր: Մուրհակը Տաճկաստանում գրվում է ամեն թղթի վրա, միայն պետք է տաճկերեն գրել (թեև հայերեն էլ կարելի է, բայց այդ ավելի լավ է) և տակը մի մարկա կպցնել, որի վրա պետք է ստորագրի պարտք առնողը։

Նոտար չկա, որ կարդալ չգիտցող պարտք առնողը կարողանա իմանալ, թե պարտք տվողը ճիշտ գումա՞րն է գրել, թե՞ ավելի։

Դրանից այնպես լավ օգուտ են քաղում վաշխառուները, որ մեծամեծ հարստություններ են դիզում և բազմաթիվ գյուղեր ավերակ դարձնում: