Վաշխառությունից լավ բանուկ առևտուր չկա այժմ Թուրքահայսատանում, որովհետև հարկերը միշտ շատանում են, և գյուղացին փող չունի վճարելու համար զինվորական, հողային և այլն հազար ու մեկ տուրքերը… տուրքեր ու տուրքեր…
Ո՞ւր տանի ծախելու յուր ապրանքը գյուղացին, եթե ավազակները չթալանեն ու թողնեն, որ ծախի:
Ահա նա ունենում է մի ոչխար քաղաք տանելու համար։ Ծախում է ոչխարը և ստանում է մի քանի ղուրուշ։ Սակայն յուր կնոջ մերկ մարմինը ծածկելու համար նոր շոր պետք է առնի։ Գյուղացին մոռանում է ոչխար ծախելու բուն նպատակը այդ պետքի առաջ և առնում է շորերը։ Երբ հաշվում են, գյուղացին վճարում է ունեցածը, բայց բանից դուրս է գալիս, որ 100 ղուրուշ պարտք է մնում վաճառականին։
—Կտորները ե՛տ առ,— ասում է գյուղացին,— ես էլ փող չունիմ։
— Հոգ չէ— ժպտում է վաճառականը,— ես քեզ հավատում եմ, դու մեր Սիրակոսի տղան չե՞ս, քեզ մինչև 5 — 600 ղուրուշ ղուրբան լինի… առ է՛լ տամ… բայց շատ կլինի, մեղք ես, հետո դժվար կվճարես…
Հրե՛շը… ձգել է թակարդը և այժմ բարեհաճում է խղճալ նրա վրա։ Գրում են պարտամուրհակ, գյուղացին ստորագրում է ո՛չ թե 100, այլ 150 ղուրուշ մուրհակ, և այդ նկատում է այնտեղ նստած մեկը…
—Այդ ի՛նչ ես արել,— ասում է նա։
— Լռի՛ր,– փսփսում է նրան վաճառականը,— ես քեզ կշահեցնեմ։
Գյուղացին վեր է կենում գնալու և, հանկարծ հիշելով, թե ինչու համար էր քաղաք եկել, հուսահատաբար կանգնած է մնում։
— Ի՞նչ կա, բարեկամ,— ասում է վաճառականը,— չլինի թե եկել էիր «վերգի»[1] համար փող գտնելու…
Խորամանկն այժմ է հիշեցնում։
— Ա՜խ,— գոչում է գյուղացին,- էլ ի՞նչ անեմ, առանց փողի մնացի։
— Հոգ չէ,— ասում է նրան վաճառականի մոտ նստած «մեկը»,– ես քեզ կտամ ինչքան կուզես։
Գյուղացին հրեշտակ տեսնել է կարծում։
Մի ժամից հետո նա գյուղ է դառնում հարկի համար 2 ոսկի ճարած, բայց յուր հողը վաշխառուի մոտ 5 ոսկիի համար գրավ դրած…
Այսպես ուրեմն վաճառականը և վաշխառուն՝ միացած հարկահանի հետ՝ տալիս են գյուղացուն առաջին կործանիչ հարվածը… Այսպես է լինում, երբ գյուղացին մի բան ունի ծախելու։ Իսկ երբ չունի, դատարկ
- ↑ Տուրք