ձեռքով քաղաք է մտնում մի գառ իբր նվեր առած յուր հետ՝ տալու համար այն հրեշ վաշխառուին, որը պիտի կործաներ իրեն…
Այդպիսի վաշխառուներից մեկն է Մարտիրոս աղան, բայց նա շատ անգամ էլ տանն է գտնվում, որովհետև հաճախորդ շատ ունի և պետք է նրանց գոհացնել։
Առավոտ էր, և Մարտիրոս աղան նստել գրում էր մուրհակներ՝ մի քանի գյուղացոց համար, երբ սենյակի շեմքի վրա երևեցավ մի սիրուն դեմք։
—Վա՜յ,— գոչեց Մարտիրոս աղան,— այդ դո՞ւ ես, ճգնավոր Եղո՛, մտի՛ր, մտիր, աչքիս վրա եկար, այդ ի՞նչ է ձեռքինդ։
— Մի գառ է, աղա. քեզ ընծա եմ բերել։
— Շատ շնորհակալ եմ… Դե՛հ, գառը տար ծառային և ներս արի տեսնենք, անպատճառ մի փորի ցավ կունենաս։
— Իհարկե,— մռմռաց Եղոն չարուխները արձակելով,— գյուղացին մինչև փորի ցավ չունենա կգա՞ քեզ մոտ:
— Վա՛յ,— գոչեց նեղացած վաշխառուն,— ուրեմն ես վա՞տ մարդ եմ, որ ինձ մոտ միայն փորի ցավի համար գան… հը՞, վա՞տ մարդ եմ։
— Ինչո՞ւ ես հարցնում, Մարտիրոս աղա,— ասաց Եղոն,— դու գիտես, որ ես ճիշտ խոսող մարդ եմ։
Վաշխառուն գունաթափվեց, լռեց, սակայն և մռմռաց շարունակելով մուրհակ գրել։
— Կեցի՛ր,— մռմռաց նա անլռելի ձայնով,— հիմա քեզ ճշմարտախոս կշինեմ…
Մուրհակը գրեց, ստորագրել տվեց, հետո փող տվեց գյուղացուն և դառնալով Եղոյին.
— Ճգնավո՛ր,– ասաց, –ի՞նչ հրաման ունիս։
— Հրաման չունիմ, աղա,– խոսեց Եղոն,– այլ խնդիր… մեր գյուղի ավազակը գյուղից հեռանալու համար փող է ուզում 500 ոսկի․ ամեն մեկիս 5 ոսկի է ընկել վճարելու…
—Գիտեմ այդ, ընդհատեց վաշխառուն նրա խոսքը,— է՛, ի՞նձ ինչ։
— Չեմ ասում թե՝ այդ քեզ ցավ է պատճառում,— ժպտեց դառնությամբ Եղոն,– ոչ, ես եկել եմ, որ 5 ոսկի փող ուզեմ պարտք։
Վաշխառուն բարձր քրքիջ արձակեց։
Հա՛, հա՛, հա՛, գոչեց նա,— վատ մարդն էլ փող կունենա՞… ես վատ մարդ եմ, եղբայր,– ավելացրեց նա լրջությամբ – վատ մարդը փող չի ունենալ: