Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/210

Այս էջը հաստատված է

— Սխալ ես, աղա,– ժպտեց Եղոն,–, մեր երկրի մեջ այժմ միայն ավազակները փող ունեն։

— Ուրեմն ես ավազակ եմ,– բարկացավ վաշխառուն,— հա, ես ավազա՞կ եմ… դեհ, էլ ո՞ւր ես նստել, ելիր գնա ավազակի մոտից, հալդե՛… սորան նայեք, ճշմարիտ է խոսում ճգնավորս, ինձ ավազակ է ասում… ելիր նայի՛նք…

Այդ միջոցին սենյակը մտավ քահանան, Եղոյի գյուղական քահանան, որ մինչև մեջքը ծռվելով, մի ստորաքարշ ծիծաղ դեմքին, բարևեց տեղիցը անգամ չշարժվող վաշխառուին և գնաց նստելու վերի անկյունում վաշխառուից փոքր-ինչ հեռու։

— Բարի եկար, տեր հա՛յր,— դարձավ նրան աղան,— տեսնո՞ւմ ես ձեր ճգնավորին, ճշմարտախոս է, ինձ ավազակ է ասում։

— Վա՜յ, վա՜յ,— գոչեց քահանան Եղոյին դառնալով,— մեղա ասա՛, որդի… Մարտիրոս աղան՝ ավազակ… որի՞ն կողոպտեց, փառք աստուծո, բոլորիս բարերարություն է արել և միշտ անում է… Ջահիլ է, աղա,— դարձավ նա աղային,— նշանակություն մի տալ խոսքերին, Եղոն վատ տղա չէ, նա արդար տղա է, նորեն քո հովանիդ պակաս մի անիլ վրայից։

— Հոգ չէ, ես կներեմ,— խոսեց վաշխառուն,— և կտամ քեզ, Եղո, հինգ ոսկի մեկ տարի ժամանակով, հինգ ոսկիի համար էլ մեկ ոսկի տոկոս կառնեմ։

— Շատ չէ՞, աղա,— հարցրեց Եղոն,– առաջին անդամ 4 ոսկիի համար միայն կես ոսկի տոկոս առի… սակայն հոգ չէ, գրիր մուրհակը:

— Դու կարծեմ հայերեն կարդալ գիտես, այնպես չէ՞

— Գիտե, գիտե— մեջ մտավ քահանան,— ինձնից լավ գիտե։

Եվ վաշխառուն գրիչն առավ ու տաճկերեն գրեց մուրհակը, հողերն էլ «իսթիլալ»-ի[1] տակ առավ, ստորագրել տվեց և հինգ հատ լիրա տվեց Եղոյին։

Հետո, շատ հետո, երբ արդեն 5 ոսկին 30 ոսկի էր դարձել, Եղոն իմացավ, որ. մուրհակի մեջ 10 ոսկի է գրված:

Եղոն միամտվեց, սակայն հոգին խիստ տրտում էր և երբեք աղոթքը չէր գալիս միտքը։

Երբ դուրս էր, գալիս տնից, քահանան նրա ետևից հասավ, և միասի գնացին դեպի գյուղը՝ խոսակցելով։

  1. Իսթիլալը մի պայման է, որով պարտատերըգրավում է պարտատերի կայքը, եթե վերջինս փողը չտա ժամանակին․ համաձայնությունից է կախված իսթիլալ անելը։