Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/211

Այս էջը հաստատված է

Այդ խոսակցություններից մի քանի խոսք էր միայն միտը պահել Եղոն, երբ տուն մտավ։

-Ի՞նչպես վճարեմ այս փողերը, տեր հայր, - հարցրել էր Եղոն քահանայից։

-Ո՛րդի, - ասել էր քահանան, - երկիր վարելով դու հազիվ կարող ես վաշխառուիդ ընծան մատակարարել, որովհետև ամեն մի բերքիցդ եթե ընծա չտանես նորան, այն ժամանակ աղան գանգատ կտա, և կերթաս բանտի մեջ կփտես և կամ թե հողը ձեռքիցդ կերթա։

-Ի՞նչպես, - գոչեց զարմացած Եղոն, - իսկ մի տարի ժամանակը…

-Այդպես բան աղան սովորություն չունի գրելու յուր մուրհակի մեջ։

Եղոն թակարդն էր ընկել. գլուխը ծռեց և մռմռաց.

-Ապա ի՞նչ անեմ։

-Գնա Կ. Պոլիս. ասում են, այնտեղ աշխատանք կա. աշխատիր և ուղարկիր, իսկ երբ բացակա լինես, վաշխառուդ իրավունք չունի ձեռք դպցնելու հողիդ մինչև որ ետ դառնաս։

Դ

Կ. Պոլսի Պահճե-կափու կոչվող մի եվրոպական ափի նավահանգստում փռվող թաղի մեջ՝ մաքսատունից ոչ շատ հեռու գտնվում է Ջեֆեր-բեյ խան անունով հինգհարկանի գեղեցիկ հյուրանոցը, որի ներքին հարկը կազմում են փառավոր մթերանոցներ և խանութներ։

Ցերեկները այդ մթերանոցներից՝ մի կողմից ելնում են ապրանքների մեծամեծ հակեր և մյուս կողմից՝ մաքսատունից գալով լցնում են պակսած տեղը։ Ամեն կողմից գալիս են մշակները, որոնք ուսերի վրա առած ճոճող ամուր կլոր փայտը անց են կացնում նրա վրա հակը և, չափավոր ու կանոնավոր քայլերով, ճոճեցնելով փայտը բեռի հետ՝ տանում են ապրանքներ այս ու այն կողմ։


Հուժկու են այդ մշակները իրենց փափուկ կոշիկ հագած և սրունքները լերկ ոտներով, բայց, ջլապինդ բազուկներով, երկարահասակ են, մեծ քթերով, գեր դեմքով և վառվռուն սև աչքերով, սակայն միօրինակ ծանր աշխատությունը մաշել է նրանց, միայն մի քանի տարի են կարողանում այդ ծանր ճոճանակները կրել իրենց լայն ուսերի վրա, որոնք, լինելով սկզբում այնչափ ուժով, հետզհետե թուլանում են և թուլացնում իրենց հետ ամբողջ ձեռքը։

Մշեցի են դրանք: