Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/214

Այս էջը հաստատված է

— Ւ՞նչ ես կանգնել այստեղ, կորսվի՛ր, – լսեց նա յուր ականջի ետևից և տեսավ յուր առջև մաքսատան ծառայողներից մեկի դաժան կերպարանքը։

Վախեցավ ու քայլեց։ Գնում էր, առանց իմանալու, դեպի դուռը և երբ դռնից դուրս եկավ, հանկարծ շլացած կանգ առավ, որովհետև մտել էր Պահճե-կափուի ամենաբանուկ գլխավոր փողոցը, որտեղից անցնում դառնում էին բազմաթիվ կառքեր և սլացող ձիաքարշ երկաթուղու երկհարկանի կառքը։

Այդ հրեշային բանը ի՞նչ էր, որի մեջ այդչափ բազմություն էր լցվել և որ միայն մի ձի կարողանում էր քաշել ու արագությամբ տանել։ Մեծամե՜ծ մթերանոցներ, որոնց դրսի կողմում ապակյա դարանների մեջ շարված էին զենքեր, զանազան տեսակ շլացնող փայլուն բաներ, որոնք որչափ գեղեցիկ էին և որ երրեք չէր տեսել նա։

Հանկարծ զգաց, որ մեկը բռնում է թևից. նայեց. կողքին կանգնած էր յուր նման հագնված մի ժպտող մշեցի, որը, քաշելով նրա թևից, ասում էր.

— Գնանք, ճգնավոր, այստեղ մի՛ կանգնիլ:

— Կարապե՜տ…— գոչեց նա, ճանաչելով յուր հայրենակցին և ջերմագին համբուրվելով նրա հետ,— այդ դո՞ւ ես, ա՜խ, ի՞նչ լավ եղավ… չէի իմանում ինչ անեմ… Տեսնո՞ւմ ես, այս բոլոր փայլուն բաները, աղմուկը, կառքերը, փառահեղությունները, Կարապետ, այդ բոլորը վախեցնում են ինձ։

— Վախենալու ոչինչ չկա, գնանք մեր խանը, սրան Ստամբուլ կասեն, դեռ ինչե՜ր պիտի տեսնես:

նրանք քայլեցին դեպի վեր՝ Ենի—Ջամիի կողմը:

— Ստամբուլի պես քաղաք կա՞,— խոսեց Կարապետը,— բայց թող մնա դեռ դրանք… այս ինչպե՞ս եղավ, որ դու էլ եկար մեր կողմերը… կամաց, մի՛ քիչ ետ քաշվիր, թրամվան քեզ կկոխե…

— Թրամվան ո՞րն է:

— Ա՛յ, այդ երկու հարկանի կառքն է, որ գալիս է։

Եկավ ձիաքարշ կառքը և սլանալով անցավ ճիշտ մեր երկու հայաստանցիների կողքից՝ սաստիկ վախեցնելով նորեկին։

— Վախեցա՞ր,— ծիծաղեց Կարապետը, երբ կառքը անցել էր,– վախենալու ոչինչ չկա, նա այդ երկաթի գծերից դուրս չի գալ երբեք:

ճղելով բազմությունը, հրվելով և հրելով՝ հազիվ կարողացան նրանք հասնել Զաֆար—բեյ խանի մոտ, ուր տանում էր Կարապետը նորեկին: Մոտենալով դռան մոտ եղող մի մեծ ու դատարկ սենյակի՝ նրանք ներս մտան: