Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/215

Այս էջը հաստատված է

Այդ սենյակի պատերի տակ զանազան տեղերում դրված էին նորեկի ձեռքումը բռնածի նման 5—6 կապոցներ, որոնցից մեկի վրա նստեց Կարապետը, պատվիրեց նորեկին, որ իրեն կապոցն էլ դնե գետին ու նստե, և ասաց ծիծաղելով.

— Վա՜յ, ճգնավոր Եղո՛, վա՜յ, դո՞ւ էլ Ստամբոլ. է՜, բարի եկար, լավ առողջ ես, տեսնում եմ, մաշալլահ, բոյդ ու կուրծքդ ասլանի բոյի ու կուրծքի են նմանում, իսկ ե՞ս…

— Դու էլ ինձ նման էիր, Կարապետ,— ասաց տխրությամբ Եղոն,– բայց այժմ փչեմ՝ ցած կընկնես, այդ ինչո՞ւ ես այդպես եղել…

— Կացիր, մի քանի ամիս թող անցնի, քեզ էլ կտեսնենք. սրան Ստամբոլ կասեն, այս քաղաքը, առողջ մարմին, լայն թիկունք, հուժկու բազուկներ չի սիրում. այդ ի՞նչ է, կոպիտ խըմբըլ[1]… պետք է լինել նուրբ, բարա՜կ, սիրուն, մեջքը բարա՜կ… բարակ… վիզը բարա՜կ… այ, թող նայեիր, քեզ նման սկի մարդ կա՞ր, չէի՞ր տեսնում, թե ինչպես շատերը քեզ էին նայում… ախր անսովոր բան է այստեղ քեզ նման մի մարդ տեսնել… «տուտու»[2]-ները, «հանըմ»[3]-ները այդպես «ջենեվեր խըմբըլի»[4] չեն սիրում… ա՛յ էֆենդի՛ն, եթե այդպես մնաս, քեզ տուն չի ուղարկիլ, միս կամ հաց տանելու՝ «տղայքը կվախենան կոր, հանըմ էֆենդին կմարի կոր վախեն»…

Եղոն ապշությամբ լսում էր այս տարօրինակ ճառը և ոչինչ չեր հասկանում. միայն այն հասկացավ, որ Ստամբոլում չէր կարելի առողջ ու հուժկու լինել:

— Վա՜յ,-գոչեց նա,– ապա ի՞նչ անեմ։

— Հե՛շտ է, ծիծաղեց Կարապետը,— մի երկու ամիս ճոճանակավոր բեռ կկրես և այնուհետև «նազիք խըմբըլ»[5] երբ լինես— սիրուն ես բավական— քեզ «հանըմ էֆենդին» միշտ կհրամայե, որ տուն երթաս, տան համար բան-ման առնես, «տղայքը խաղացունես, քիչ մ՛ալ իրեն խնդացնես քու խոսքերովդ»… այն ժամանակ ահա փող կաշխատես, մանավանդ եթե միշտ զվարթ եղար, էֆենդիի դժոխային հայհոյանքներին պատասխանելու փոխարեն նրա զարնող ձեռքը լիզեցիր և «հանըմ էֆենդի»-ի քմահաճույքներին գոհություն տվիր: Ես երաշխավորում եմ, որ

  1. Պոլսեցիք գավառացիներին նախատելու համար նրանց կոչում են խըմբըլ, որ նշանակում է «անճար, անշնորհք, հիմար, կոպիտ»
  2. Տիկին, մորաքույր
  3. Տիկին (պատվավոր)
  4. Անասուն խըմբըլ, հսկա խըմբըլ
  5. Բարակ (нежный)