հետև ընկել էր մի փափուկ, խիստ փափո՜ւկ հողի վրա… և այդ հողը թեև պահպանել էր նրան ջարդվելուց սակայն այրում էր նրան, այրում էր կրակի պես… վեր է թռչում, թափ է տալիս վրայից հողը, սակայն միշտ այրվում է․․․ և այրվում է սիրտը…
Նայում է նա յուր չորս կողմը… Երևում են տներ, իսկ յուր ընկած տեղում ոչինչ չկա, միմիայն մի կտոր քանդված պատ, որի վրա նստած մի ալեխառն ծերունի արտասվում է դառնապես։
Սոսկալով ճանաչում է Եղոն յուր գյուղը… և այդ տաք հողը, որի վրա նրան ձգել էր դիվային «փերին», յուր տան մոխիրն էր…
Եվ արտասվող ծերունին՝ յուր հայրն էր։
Վազեց դեպի նա, չտեսավ նրա մոտ յուր մորը, կնոջը և որդուն։
- Հա՛յր, գոչեց նա,— ո՞ւր են նրանք։
Ծերունին նրան նայեց տխրությամբ և մատով մյուս կողմը ցույց տվեց։ Եղոն նայում է՝
Ընկած է գետնին կնոջ դիակը մոր դիակի վրա, և որդին նստած խաղում է յուր մոր մազերի հետ…
Ճչաց և վեր թռավ։
Այս անգամ նա զարթնեց, վեր կացավ ու նստեց։
- Ո՜հ, ինչ սոսկալի երազ,— մռմռաց նա,— արդյոք «երկրում» ինչ է եղել, երկա՜ր ժամանակ է, որ ոչ նամակ եմ գրում, ոչ էլ ստանում…
Դուրս եկավ գինետունից. մի զով գիշեր էր. մոտեցավ ջրին, լվացվեց, հետո դեպի բնակարանը գնաց, մտավ սենյակը և նստեց անկողնու վրա։
— Մոռացա հորս, մորս, կնոջս և որդուս… մոռացել էի… ով գիտե, ինչե՞ր է եղել այնտեղ։
Մի գավաթ ջուր խմեց, բերանը շատ դառն էր խմած օղիից։
— Թու՛,— թքեց նա,— անիծյալ օղի, որ Եղոյին շուն շինեցիր, որ Եղոյին մեռցրիր, որ Եղոյին ծնողասպան, աստվածուրաց, ազգուրաց դարձրիր, որ Եղոյին հրեշտակից դևի փոխեցիր…
Սկսեց հուզված ճեմել սենյակի մեջ։
- Ի՞նչ է այս, ո՞վ արավ ինձ այսպես… Ես այս Եղո՞ն եմ, որին հարգում, սիրում էին յուր մաքրության, ճշմարտախոսության, ծնողասիրության համար… ես այն Եղո՞ն եմ, որ կնոջիցս բացի ուրիշ կին չգիտեի… թողել մաքուր օդով երկիրս… թողել սիրուն կինս, թողել հայրս ու մայրս… պատճառ եղող, թող աստված քո տունը քանդե։
Նստեց, անկողինը փռեց և շորերով ընկավ անկողնի վրա ու աչքերը փակեց: Կես ժամի չափ նա այդ դրության մեջ լուռ ընկած մնաց…