Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/220

Այս էջը հաստատված է

Հանկարծ կատաղությամբ վեր թռավ, սեղմած բռունցքները բարձրացրեց և՝

- Այո՛,– գոչեց,– երթա՜լ պետք է… երթալ և… վրեժ առնել…

Զ

Երկու օր հետո Եղոն Տրապիզոն գնացող մի շոգենավ նստեց։

Նավը նստելուց առաջ նա երկա՜ր, շատ երկա՜ր տեսակցության ունեցավ մի վառվռուն երիտասարդի հետ, որը մաքսատան մեջ հանդիպել էր նրան, հարցրել էր, թե ո՞ւր է գնում, իմացել էր նրա ցավերը, և, քաշելով նրան մի կողմ, ժամերով խոսել էր նրա հետ, հետո նրանք համբուրվել էին, երիտասարդը շտապմամբ մատիտով մի թղթի կտորի վրա մի քանի տող գրելով տվել էր նրան և ճանապարհ էր ձգել՝ ասելով.

— Թուղթը Մուշ կտաս տիրոջը…

Եվ երբ Եղոն շոգենավ մտավ, հետաքրքրվեց, երիտասարդի տված թղթի կտորը բաց արեց և կարդաց.

«Սիրելի Հրանտ

Հետաքրքրվիր գրաբերովս, ցավերը իմացիր և խրատ տուր:

Արշավիր»։

— Այո՛,– մռմռաց նա՝ թուղթը ծալելով և կողքից կախված հասարակ պայուսակի մեջ դնելով,– այո, քիչ մնաց հուսահատվեի, և այդ երիտասարդը կյանք տվեց ինձ… Ղուրբան քեզի, սիրուն տղա, սուրբ Կարապետ թող քեզ քո մուրազիդ հասցնե…

Երեք օրից հետո Տրապիզոն իջավ, խառնվեց Կարին ոտքով գնացող մարդկանց կարավանի հետ և, քսաներորդ օրը ս. Կարապետի գերեզմանը համբուրելուց հետո, քսանմեկերորդ օրը Մուշ հասավ։

Այնտեղ նրա ականջին դիպան սոսկալի լուրեր։

Ամեն կողմ քուրդերը սկսել էին կոտորել և թալանել. էյ մի կտոր «հալալո հաց ուտել անկարելի էր։ Բայց քուրդերից ավելի սոսկալի էին հայ վաշխառուները, որոնք իրենց՝ սուրից ավելի մահարկու՝ մուրհակները ձեռքներին, խլում, կողոպտում էին և մուրացիկ մնացողների վրա էլ կուշտ-կուշտ ծիծաղում։ Նրանք լրբությունը մինչև այն աստիճանի էին հասցրել, որ տոկոսի փոխարեն համարձակվում էին գյուղացիների, նրանց գեղեցիկ կնիկներին կամ հարսներին պահանջել մի քանի օրվա համար…