Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/221

Այս էջը հաստատված է

Նա ինքը, Եղոն, Մշո շուկայի մեջ, յուր ականջներովը լսեց, թե ինչպես մի վաշխառու գոռում էր իրեն աղաչող մի գյուղացու վրա:

- Եթե փող չունես, կնոջդ շալվարը ծախիր…

- Լի՛րբ վաշխառուներ… քուրդերից լիրբ… — մռնչում էր Եղոն:

Կ. Պոլսից առած տոմսակի տիրոջ - Հրանտին գտավ և տվեց նրա տոմսակը։

Հրանտը կարդաց, նստեցրեց յուր մոտ Եղոյին, երկա՜ր խոսեցրեց նրան, գիշերը յուր տունը հյուր տարավ, մինչև կես-գիշեր էլ ինքը խոսեց և մյուս առավոտ շուտով դեպի գյուղը ճանապարհ դրեց մտախոհ Եղոյին:

Կեսօր էր, երբ Եղոն գյուղը մտավ և վազեց դեպի տուն:

Բակը ներս մտնելուն պես ապշած մնաց։ ՝

Տունը բոլորովին դատարկ էր, և նրա շեմքի վրա նստած երևում էին միայն ծերունի հայրը, որը գրկեց նրան, լաց եղավ նրա կուրծքի վրա, և որդին, որը եկավ ընկնելու նրա գիրկը և գոչեց.

- Ո՞ւր է մայրիկը…

- Այո՛, հայր, - գոչեց Եղոն,– ո՞ւր է մայրս, ո՞ւր է կինս, վերջապես խոսի՛ր, ինչու այսպես թորշոմել և սաստիկ ծերացել ես, ինչու՛ որդիս այսպես նիհար և կեղտոտ է… խոսի՛ր, հայր…

Ծերունին սրբեց դեմքը և ալեխառն մորուքը, կամեցավ չարտասվել, սակայն նորից արտասվեց և ասաց.

- Ա՜խ, որդի՛, մայրդ մեռավ քեզ օրհնելով… իսկ կինդ մեռավ քեզ անիծելով, որ թողիր իրեն մենակ, որ ձգեցիր իրեն գազանի ճանկը, որ գնացել ու մոռացել էիր մեզ… կինդ անիծեց քեզ, որովհետև նա արատեց յուր պատիվը… չկարողացավ քեզ հավատարիմ մնալ… և դրա պատճառը դու էիր…

Եղոյի աչքերը մթնեց, քիչ մնաց ընկներ, երերաց և հարցրեց դողդոջուն ձայնով.

- Այդ ի՞նչ ասացիր, հա՛յր…

- Ասացի, ինչ որ եղել է, ո՛րդի… Լսիր, պատմեմ քեզ ամեն ինչ: Երբ հինգ ոսկիդ տվինք վաշխառուին, նա արդեն մեր կովը քաշել տարել էր և, երբ ետ պահանջեցինք, ասաց, որ դեռ հինգ ոսկի և տասը ոսկու տոկոսն ևս պարտ ես իրեն… Անցան ամիսներ, չոր հաց ուտելով ծերունի մայրդ մեռավ, իսկ կինդ գնում դրացիներից կաթ և մածուն էր խնդրում, որ չլինի թե ես էլ մորդ պես լինեմ, և ինքը անօգնական մնա… Բայց մի օր կինդ դուրս գնաց և գիշերը տուն չեկավ: Երկրորդ օրը նրան տուն բերին ջախջախված։ Գիտես մեր աղբյուրի մոտի ձորը… Նրա գլխից նա իրեն ձորն էր ձգել և իմ գրկիս մեջ մեռավ, անիծելով քեզ և պատմելով