մթե ինչպես վաշխառուն բռնաբարեց իրեն… Կինդ մի սուրբ կին էր, չուզեց ապրել ակամա քեզ անհավատարիմ գտնվելուց հետո և իրեն սպանեց։
Եղոն ձեռքերով մազերը բռնեց և գոչեց կատաղի ձայնով.
— Մինչդեռ ես, ե՛ս լիրբս, ե՛ս կեղտոտս, ամեն օր անհավատարիմ էի գտնվում իմ պաշտելի կնոջս… և այստեղ մի վաշխառու, մի գծուծ, ստորաքարշ կենդանի գա պղծելու… Աստված իմ, ինչու այս բոլոր դժբախտությունները միասին ուղարկեցիր… Խենթանա՞մ… արյո՞ւն թափեմ, հետո երթամ բա՞նտ պառկեմ… Իսկ հայրս, որդիս…
Եվ վեր թռավ տեղիցն, արագությամբ դուրս եկավ տնից, հետո գյուղից ու վազեվազ դեպի քաղաք գնաց։
Երեկոյան հասավ քաղաք, գտավ Հրանտին, շնչասպառ ներս ընկավ, ամեն բան նրան պատմեց ու փռվեց գետին…
Հրանտը ժպտում էր։
— Ես արդեն դրանք գիտեի,— ասաց նա,— վե՛ր կաց, Եղո՛, եկավ ժամանակը, որ դու վրեժդ առնես…
Ու վեր կացրեց Եղոյին ու խոսեց նրան։
Է
Մի կյուրակի օր էր. Եղոն եկեղեցի մտավ, աղոթեց սրտագին, խոստովանվեց, ջերմեռանդությամբ հաղորդություն առավ, պաչեց, պաչպչեց բոլոր պատկերները, եկեղեցու ամեն մի քարը և զվարթ դեմքով գնաց եկեղեցուց։
Հագել էր յուր մորթապատ «քեզախիկը»[1], յուր «տրեխները», գլխին մի նոր «քոլոզ»[2] էր դրել՝ «յազմա[3]»–ներով փաթաթված, մեջքին փաթաթել էր Կ. Պոլսից բերած լայն ու մեծ շալը և ձեռքին բռնած ուներ մի բարակ փայտ։
Արագությամբ անցավ մի քանի փողոց, կանգ առավ մի գեղեցիկ շինութան առաջ ու դուռը ծեծեց։
Բաց արեցին։ Երբ որ իմացավ, թե Մարտիրոս աղան վերևը «օդան» նստած էր, առանց տրեխները հանելու վեր գնաց և ուղղակի ներս մտավ:
Մարտիրոս, աղան դեռևս գիշերազգեստով (եկեղեցի իսկ չէր գնացել) նստած էր օթոցի վրա։ Մի կողմից «ներգիլեն» էր քաշում և մյուս կողմից յուր կողքին դրված մի արկղիկից մուրհակներ էր հանում, կարդում էր և գրչով թվեր էր գրում մի թղթի վրա։