Ոտքի ձայնը լսելով, նա ընդհատեց զբաղմունքը և վեր նայեց։ Երբ տեսավ Եղոյին, սարսռաց, գունաթափվեց և հազիվհազ կարողանալով զսպել իրեն՝ ասաց.
— Ա՛յ բարով եկա՛ր, հազա՛ր բարով, ճգնավոր Եղո՛, համեցե՛ք, համե՛ցեք, արի նստիր այստեղ… ինչպե՞ս ես, ո՞ղջ ես…
— Աստված կյանք տա, աղա՛,— ասաց Եղոն նստելով։
— Է՛, ե՞րբ ես եկել։
— Երեկ եկա, աղա՛,— խոսեց Եղոն ժպտելով։
— Հա՞, շա՛տ լավ, շատ ուրախ եմ, որ ինձ չես մոռացել, չլինի՞ թե մտածում ես, որ ինձ պարտք ունիս, ո՛չ, ո՛չ, թեև մուրհակդ ետ չեմ տվել, սակայն…
— Հոգ չէ, աղա,— ընդհատեց նրան Եղոն, այդ մուրհակը, եթե պարտք չունիմ, հիմա կարող ես տալ… տուր տեսնենք…
— Հա՞, ուզո՞ւմ ես, այս րոպեիս, տղա՛ս,— գոչեց աղան և արկղիկի միջից՝ փնտրելով հանեց մի մուրհակ և պարզեր Եղոյին։
Բայց Եղոն չառավ մուրհակը, այլ ժպտելով ասաց.
— Լա՛վ, աղա՛, կարելի՞ է կարդաս… ուզում եմ իմանալ թե՝ այդ մուրհակի մեջ իմ պարտքս որքա՞ն է…
— Ինչպե՞ս,– գոչեց զարմացած և գունաթափ աղան,– ինչպե՞ս թե որքան է… վեց ոսկի էլի… չե՞ս հիշում։
— Ինչպե՞ս չէ, աղա,– ասաց Եղոն՝ միշտ յուր հեգնական ժպիտը դեմքին,– բայց ախր հայրս գրում էր, թե՝ դու ասել ես, որ քեզ 10 ոսկի եմ պարտական…
— Ե՞ս, ե՞ս եմ ասել, քա՛վ լիցի. եղբա՛յր, ինչե՜ր ես ասում… ա՛ռ, առ մուրհակդ, երեխայական բաներ մի խոսիլ:
— Լա՛վ լա՛վ, աղա, մուրհակը կառնեմ, բայց…
Ասաց Եղոն և, արագությամբ սենյակի դռան կողմը ցատկելով, դուռը փակեց, հետո դառնալով ապշած վաշխառուին, երկու քայլ արեց դեպի նա և ասաց դառն ձայնով.
- Աղա՛, հինգ ոսկին առնելուց հետո, կովն էլ քաշեցիր տարար և ծնողացս ցամաք հացով միայն թողիր… Ա՛յդ բավական չէր… կնոջս էլ բռնաբարեցիր…
Վաշխառուն՝ գունաթափ՝ մուրհակները թողեց և տեղիցը վեր թռավ։
-Ի՞նչ է այդ,– ասաց Եղոն,- ո՞ւր ես շարժվում տեղիցդ, նստիր և լսիր ինձ… Նստի՛ր,— ավելացրեց նա և, յուր հուժկու ձեռքով բռնելով նրա ուսիցը, մղեց նրան օթոցի վրա,- այժմ, կրկնում եմ, կինս բռնաբարեցիր և նա ինքն իրեն սպանեց… ազատվեցար էլի՞… խոսք չունիմ… խոստովանվո՞ւմ ես, որ այդ արել ես…