Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/226

Այս էջը հաստատված է

Եղոն արագությամբ հեռացավ և քաղաքից դուրս՝ կես ժամ հեռավորությամբ գտնվող Սեպ քարի մոտ գնաց, ուր տեսավ մի ձիավոր։ Մոտեցավ, բարևեց և տվեց նրան թղթերից մեկը… Ձիավորը կարդաց, իջավ ձիուց, տվեց նրան յուր ձեռքի հրացանը, համբուրեց նրան և ասաց.

— Տեր ընդ քեզ…

Եղոն աշտանակեց, ձիու գլուխը սուրբ Կարապետի կողմը դարձրեց, գլուխը բանալով աղոթեց, աչքերից երկու կաթիլ արցունք էլ յուր հայրենիքի հողի վրա կաթեցրեց, խաչակնքեց և

— Յա Մշո սուրբ Կարապետ,— գոչեց։

Եվ մտրակելով ձիուն անհետացավ բլուրների մեջ։

Արևը, որ մինչև այդ ժամանակ ծածկված, էր ամպերի տակ, դուրս ելավ և Մշո դաշտը լուսավորեց յուր պայծառ ճառագայթներով…


ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆ

Ա

«Կ․ Պոլսո Ադլիեի[1] ատյան ամսույս 25-ին, ժամը 10-ին հրամայում է ձեզ ներկայանալ յուր դատարանը և վկայել Ա…ֆ…յանի գործի մասին…»:

Այսպես էր գրված այն թղթի վրա, որ ներկայացրեց ինձ մի հնամաշ հագուստով «զափթիե» և կոպտությամբ հրամայեց, որ ստորագրեի: Ի՜նչ արած, ստորագրեցի և որովհետև հենց այդ օրն իսկ ամսի 25-ն էր, կես ժամից հետո Ադլիեի դատարանը մտա։

Սա մի մեծ շենք է Այա-Սոֆիա մզկիթի մոտ կառուցած և բովանդակում է յուր մեջ օսմանյան օրենքի տրամադրած բոլոր ատյանները- սկսած հաշտարարից (բիդայեթ) մինչև վճռաջինջ վերջնական ատյանը (թեմիզ)։

Մի երկայն նրբանցքի երկու պատերի վրա երևում էին բազմաթիվ թանձր վարագույրներով ծածկած դռներ, որոնց յուրաքանչյուրի վրա մի մի բան էր գրված, նրանցից մեկը արտաքնոցն էր, ուր մտնում-ելնում էին ջրի ամանով և թևերը սոթտած, ֆեսը ծոծրակի վրա դրած, ոտները բոբիկ ու կուրծքը բաց էֆենդիներ, վսեմաշուք բեյեր… Արտաքնոցի կողքին քննիչների սենյակն էր, որո մեջ տեղ-տեղ նստած էին մի քանի այլ տաճիկներ, մի ծունկը ծալել, փայլուն թուղթը ոլորած նրա վրան

  1. Արդարադատություն: