Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/227

Այս էջը հաստատված է

գրել, աոջևում նստեցրած զանազան անձերի հարցեր էին առաջարկում և գրում, չմոռանալով երբեմն ճաշակել մոտը դրված սուրճից, հաց ու պանրից, խմել ահագին ամանից ջուր, թքել մոտը դրված հողե ամանի մեջ, ծխել ոտների տակը դրված պապիրոսներից, կատակներ անել փոքր-ինչ հեռու տեղ նստած այլ քննիչների հետ, և որովհետև այդ անընդհատ քննություններից ձանձրանում էին, այնչափ դյուրագրգիռ էին եղել, որ շատ անգամ իրենք առիթ տալով քննվողին մի անհանգիստ շարժում գործելու՝ բարկանում և սկսում էին փողոցային խոսքերով հայհոյել։

Քննիչների այդ սենյակը, ուր մտա ես տեսնելու, թե ինչ կար այնտեղ, ամենակեղտոտ սենյակն էր. մի անկյունում ընկած է ցեխոտ ավելը, մի ուրիշ անկյունում քննիչների արտաքնոց տանելիք կեղտոտ հողի ամանը, մի այլ կողմ սրճամաններ, հացի կտորներ, հատակի վրա ամեն մեծության թղթի կտորներ, պապիրոսի մնացորդներ, կոտրտած աթոռներ, մինտերներ, բարձեր, հնությունից բոլորովին գզգզված կապույտ օթոցներ և այդ բոլորի վրա ավելացրեք պատուհանների աղոտ լույսը խափանող փոշիապատ, կարմիր, կտրտված վարագույրները, որոնցից մի քանիսը ընկել էին նստած քննիչների մեջքի վրա և փոշիով ծածկել նրանց վերարկուները։ Քննիչներից միայն մեկը կար, որ փոքր-ինչ կանոնավոր էր հագնված–ծխում էր և մի կողմից ձևակերպական հարցեր էր առաջարկում յուր առջևը նստած վախից ղողացող մի հայի. իսկ մյուսները կուրծքը բաց, մազերը չսանրված և դիզացած գլխի վրա, երեսնին կեղտոտ, կոշիկները գետնի վրա ընկած, գույնզգույն գուլպաները ծակ-ծակ և այդ ծակերից երևեցող ոտքերի մատները այնպես կեղտոտ էին, որ մարդ կարծում էր, թե այդ քննիչները սև ոտներ պիտի ունենային։

Ի լրումն ամենայնի, մի վառարանի երկայն խողովակ դիմացի պատից իջնելով պարզվում էր մինչև մեջտեղ և այնտեղից իջնում ուղղակի քննիչների գլխի վրա. որովհետև գարունը եկել էր, ուստի վառարանը վերցրել էին և որպեսզի հետագա ձմռան նորից նեղություն չկրեին խողովակները տեղավորելու՝ նրանց տեղնուտեղը թողել էին առանց մտածելու, որ ծովային քամին լուսամուտից երբեմն ներս մտնելով՝ շարժում էր նրանց և թափթփում էր միջի մրուրը կամ գրասեղանների, կամ քննիչների մեջքի և կամ հատակի վրա։

Սենյակում կային չորս քննիչներ, չորսի առջևն էլ՝ պատկառանքով նստել էին քննվողներ և վախվխելով պատասխանում էին քննիչի ձևակերպական հարցերին և վերջինս էլ առանց նրանց երեսին նայելու՝ կամ ուտում էր, կամ խմում էր, կամ ծխում և կամ մի քանի խոսք գրում յուր ծնկան վրա դրված փայլուն թղթի վրա և ճզճզացող եղեգնյա գրչով, որով երբեմն էլ խառնում էր քիթը կամ ականջը…