Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/228

Այս էջը հաստատված է

Բ

Եվ որովհետև նրբանցքի մեջ պատերի տակ բազմած, լուսամուտների մեջ պպզած կամ ման եկող մարդիկ ազատությամբ երբեմն ելումուտ էին անում այդ սենյակների մեջ, ես էլ համարձակություն ստացա և քննիչների սենյակից դուրս գալուս պես մտա նրա կողքի սենյակը, որի վրա ոչինչ չէր գրված, սակայն ներսից ձայներ էին գալիս:

— Դատաստանի սրահն է այս անպատճառ,— մտածեցի ես։ Ի՜նչպես չէ. ներս մտնելուս պես ապշած կանգ առա: Սենյակի մի կողմում կապված մի կեղտոտ թախտի վրա ընկողմանել, նստել, պպզել և պառկել էին ծառաներ, զափթիեներ, լավուշներ, մի տեսակ ծիծաղելի զարդերով «լիվռե»-ներ հագած դատաստանական ծառաներ և թախտի մի կողմում նստել էր սև սավանով ծածկված մի սպիտակ դեմքով թրքուհի, որ խռպոտ ձայնով մի բան էր պատմում, և այդ բոլոր մարդիկ քրքիջներով ծիծաղում էին։

Երբ ինձ տեսան, թրքուհին աշխատեց սավանի ծայրով դեմքը ծածկել, սակայն ժպտելը չմոռացավ, ծառաները առանց տեղերից շարժվելու՝ կողքից ինձ նայեցին, և Օսման չավուշը, որ ընկողմանել էր մի կեղտոտ բարձի վրա՝ գոռաց ինձ.

— Այդ դո՞ւ ես, էֆենդի՛, համեցե՛ք, համեցե՛ք…

Օսման չավուշը ծանոթ էր ինձ, երբ բիթայիթի րեիսի[1] աղջկան դաս տալու էի գնում, չավուշն էր միշտ, որ բաց էր անում րեիսի դուռը և սենյակն էր բերում փոքրիկ դաշնամուրը, որի վրա րեիսի տասներեք տարեկան աղջիկը հինգ օրվա մեջ անպատճառ կամենում էր «թաքսիմ բայթի» եղանակը կատարելապես ածելով զմայլեցնել յուր ընկերուհիներին։

— Ներողություն— ասացի ես Օսման չավուշին,— ես սխալվեցա, կարծեցի, թե դատարանն եմ մտել։

— Չես էլ սխալվել,— ծիծաղեց չավուշը,— իսկական դատարանը այստեղ է… արի նստիր և տես, թե նազանի Էբեն[2] ինչպես է ճիշտ պատմում այն գործը, որ քննվեց կես ժամ առաջ և վճիռ տրվեց։

— Ի՞նչ գործ է այդ,— հարցրի ես։

— Ի՞նչ,– գոչեց մի զափթիե,— չե՞ս լսել Սադըք էֆենդիի կնոջ գործի մասին։

— Որ ամբողջ Պոլիսը դղրդեցրեց,— ծիծաղեց մի ուրիշը։

— Չեմ լսել,— ասացի ես:

  1. Հաշտարար ատյանի նախագահ
  2. Դայակ, տատմայր