Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/23

Այս էջը սրբագրված է

Ուզեց գոռալ… և նրան թվաց, որ մի հսկա ձեռք վայրկենապես կորզում էր իրեն, սլացումով բարձրացնում, գնում էր մի րոպեաչափ և, ճղելով ամպերը, տանում էր հեռու, շա՜տ հեռու…

1891

ԶԳԱՅՆԱՉԱՓ
Փոխադրություն

Մի ծեր բրահմին մի երեկո տուն էր վերադառնում։ Վերջալույսի ժամանակ էր, երբ նա մոտեցավ քաղաքին։

Հանկարծ նկատեց երկու մանուկների, որոնք կուչ էին եկել մի վրանաձև շորի տակ։ Մոտ գնաց ու առանց տեսնելու, աշխատեց լսել նրանց խոսակցությունը։

Մանուկներից մեկը՝ մի փոքրիկ աղջիկ, լաց էր լինում ու հաց ուզում. քաղցած էր։ Մյուսը՝ մի տղա, որ քիչ ավելի հասակավոր էր քրոջից, մխիթարում էր աղջկան, առարկելով, որ մայրիկը շուտով կգար ու հաց կբերեր։

Եվ իսկապես, քիչ հետո մայրիկը եկավ հոգնած ու դժգույն։ Գալուն պես հանեց զամբյուղից մի հաց ու դրեց մանուկների առջև։

Աղջիկը իսկույն հացի վրա ընկավ ագահությամբ, իսկ տղան իր հացը երկու կտոր արեց. մի կտորը ծածկաբար թաքցրեց մի անկյունում, իսկ մյուս կտորը ուզում էր բաժանել իր մոր հետ, և որովհետև մայրը մերժեց ուտել, այն ժամանակ ինքը կերավ ամբողջը։

Տղայի այդ վարմունքը հետաքրքքեց բրահմինին, և նա վճռեց մյուս օրը գալ և տեսնել, թե տղան արդյոք պակա՞ս քաղցած էր աղջկանից։

Մյուս օրը կեսօրից հետո նա քաղաքից դուրս եկավ և գնաց դեպի վրանը: Առանց աղմուկ հանելու մոտեցավ: Միևնույն բանը տեսավ. փոքրիկ աղջիկը լաց էր լինում ու հաց ուզում, իսկ տղան աշխատում էր նրան մխիթարել։ Վերջապես, երբ տղան տեսավ, որ աղջիկը ձայնը չի կտրում, հանեց երեկվա պահած հացը ու տվավ քրոջը։ Քույրն առավ, ուզեց բերանը տանել, բայց իսկույն էլի գետին ձգեց ու ասաց.

— Բայց չէ՞ որ քո հացն է։

— Ես քաղցած չեմ, ի՞նչ եմ անելու։

— Ես էլ չեմ ուզում։

— Ւնձ էլ պետք չէ։