ապօրինի զավակ ջուրը ձգելու, շամիի դուռը տանելու և կամ խեղդել աղբանոցը ձգելու…
Սարսռացի ես, երբեք հավատալս չէր գալիս, կարծում էի, թե այդ տարօրինակ կինը «Հազար և մեկ գիշերներ»-ից մի հեքիաթ է պատմում ինձ։
— Ներս մտանք,– շարունակեք էբեն ժպտելով,– կինը դեմքը բաց արեց, և ես տեսա, որ Սադըք էֆենդիի կնոջ աղախինն է… Բոլորին ճանաչում եմ ես…— Հը՞, ի՞նչ կա,— հարցրի ես,— խանումդ չլի՞նի նորից ուզում է այստեղ գալ…– Ո՛չ,— ասաց աղախինը,— խանումը հիվանդ է և քեզ է կանչում։– Հենց հիմա՞։– Հենց հիմա։ Ճարն ի՞նչ, էհրամս ծածկեցի և աղախնի հետ Սադըք էֆենդիի տունը գնացինք,… խանումը հիվանդ էր. մի սիրուն աղջիկ էր ծնել, տվեց ձեռքս և հրամայեց, որ Սուլթան Բայազիդի դուռը տանեմ ձգեմ. ես խղճացի,— ախր խանում,– ասացի,– ի՞նչ կլինի, թող այս աղջիկը քեզ մոտ մնա, մարդդ կկարծի, թե իրենն է…– Տա՛ր,– գոռաց խանումը,– ի՛նչ մուրտա բան է որդի ունենալ, ոտքդ կկապվի, էլ չես կարող ման գալու գնալ… Ես ի՞նչ գիտեմ էլ ինչե՜ր չասաց: Երկու ոսկի էլ փող տվեց, ես էլ փաթաթեցի մանկան հերամիս մեջ և մութ էր, երբ որ անցնում էի շահզադե բաշիի կողմը… տեսնեմ մի գյավուր մշակ կոտրտած փայտ է շալակել, ցած է իջնում Բեզեստանի կողմը: Այդ միջոցին էլ ետ նայելով, տեսա, թե ինչպես մեկ փոլիս ետևիցս գալիս էր… հըմ,–ծիծաղեցի ես,- կարծում է, թե մի փաշայի ծպտած կնիկ եմ ու սիրականիս տունն եմ գնում․ լավ, այդ հեշտ էր, փոլիսը ինձ մոտենալուն պես կճանաչեր և կթողներ, բաս մանուկը… Թարսի պես պզտիկն էլ սկսում էր ճչալ․ հենց պատի տակից անցնելով մանկան գյավուրի շալակի վրա դրի ու սկսեցի ետ դաոնալ… Փոլիսը դեմս եկավ, ճանաչեց ինձ, ես ասացի, որ դայակության եմ գնում, փոլիսը անցավ և լավ տեսա, թե ինչպես շփոթված գյավուր մշակին բռնեց ու մանկան հետ մոտիցս անցավ… Բայց փոլիսը սատանա էր. տեսել էր, թե ինչպես ես էի դրել մանուկին գյավուրի շայակի վրա, ուստի և ասաց,– Նազանի էբե, այս տղան որի՞նն է։– Սադըք էֆենդիինն է,– ասացի ու ծիծաղելով մեկ ոսկի տվի նրան։– Լավ,– ասաց փոլիսը, հետո գյավուր մշակին դարձավ ու գոռաց. —
-Անհավատ շուն, այս տղան որտեղի՞ց ես բերում։
Խեղճ մշակը շփոթվել էր վալլա՜հ, աղա՜… - կմկմաց… -Փոլիսը նրա վզակոթին մի քանի հատ խփեց, հետո հրեց նրան, մանկան գիրկը առավ և գոչեց.— հա՜յդե, «փոլիս իդարեսին»[1] երթանք… էբե
- ↑ Ոստիկանության տուն