Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/236

Այս էջը հաստատված է

- Իսկ այստեղից մեզ ո՞ւր կտանեն,- հարցրի ես նրանց։

- Չգիտեմ, ասաց մեկը,- կարծում եմ, որ դատաստանի սրահը մտցնեն։

Այդ միջոցին մոտեցավ լուսամատին և իմ անունս տվեց: Երբ դուռը բացվեց, և ես դուրս գնացի, մի ուրիշ զինվոր բռնեց թևիցս և գոչեց.

- Հա՛յդե, վեր գնանք, քեզ ուզում եմ։

Սանդուխների մոտ կրկնակոշիկներս հանեցի և պահ տվի կոշկապահին՝ վարձը կանխիկ վճարելով, իսկ սրահի դռան առջև հասնելուս պես զինվորը կանգնեցրեց ինձ և պահանջեց, որ կոշիկներս էլ հանեմ…

- Գուլպայո՞վ մնամ։

- Իհարկե, այդպես չի կարելի ներս մտնել։

Այստեղ ևս մի կոշկապահ կար, կոշիկներս էլ նրան պահ տվի. հետո ինձ մտցրին մի փոքրիկ խուց, անունս դրեցին, և երբ ես շվարած կանգնել էի՝ մի գրագիր բռնեց թևիցս, բաց արեց մի դուռ և ինձ ներս մղեց այնտեղ։

Ես գտնվում էի դատաստանի սրահում։

Դ

Քառակուսի մեծ սենյակ էր մեջտեղից երկուսի բաժանված փայտե ցանկով. մի կողմում պայտաձև սեղանի շուրջը նստել էին վեց անձինք. գլխի կողմի նստողը կոշտ գծագրությամբ, սպիտակ փաթտոցով, երկայն վերարկուով՝ նախագահն էր, որը մի ձեռքը դրել էր յուր աջ կողմում գրված օրինաց գրքերի վրա՝ ձախովը դարձնում էր համրիչի հատերը ու շրթունքները շարժում լռությամբ,- աղոթում էր նստած տեղը։ Նրա աջ կողքին բազկաթոռի վրա նստել էր արբեցողի աչքերով և մուշտակ հագած մի նիհար ու գունաթափ էֆենդի՝ մի ծունկը բարձրացրել, նրա վրա էլ դրել էր թուղթը և գրում, իսկ մյուսները մի-մի թղթի կտոր ձեռքներնին կամ կարդում էին և կամ բարձրաձայն հորանջում ու բերաններն այնչափ մեծ բանում, որ խռչափողի ծակերը տեսնվում էին: Այդ սրահումն պատից դուրս պարզված կար մի վառարանի խողովակ, որը եկել կռանում էր դեպի նախագահի գլուխը։ Պատերի վրա ամեն կողմից կախված կային տոպրակներով թղթեր, իսկ հատակի վրա թափված թղթի կտորները եթե հավաքեին՝ մի կողով կլցներ, որի կեսը կլիներ պանրի կտորներ, պապիրոսի մնացորդներ, թուրքաց եղեգնի գրչի կտրվածքներ և այս-այն կողմ լուսամոլտից փչող քամիից թռչկոտող՝ եղեգնի միջեց դուրս եկած օձանման միջուկներ… Մի անկյունում ընկած էր մի