Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/238

Այս էջը հաստատված է

սենյակի դուռը, հետո սրահից դուրս եկավ, նրա դուռն էլ կողպեց, և մենք մնացինք բանտարկված դատաստանի սրահում:

Պիտի ասեմ, որ ցանկի ետևում կայինք ավելի քան քսան անձինք և նույնիսկ երկու կանայք, որոնք սավանի մեջ փաթաթվել՝ կծկվել էին մի անկյունում։

Բոլորը սկսեցին խոսակցել, հետո մի—մի նստելու տեղ գտան, իսկ ես ոտներս նախ պարզեցի, հետո մեջքս էլ, ապա թևս գլխիս տակ դրի… կամաց—կամաց աչքերիս կոպերը փակվեցան և քնեցի…

Չգիտեմ որքան ժամանակ էր, որ քնել էի, երբ մի խռպոտ ձայն դիպավ ականջիս. ես վեր թռա, շարժեցի թմրած թևս և ուզեցի տեսնել, թե ո՞վ էր այդ խոզի ձայն հանողը։

Պարոն նախագահն էր, որովհետև դատավորները արդեն եկել իրենց տեղն էին բռնել, դատավարությունը արդեն սկսել էր, և նախագահը փաթոթը ծռած, դեմքը կատաղի, հայհոյանքի լուտանք էր, որ թափում էր սեղանի մոտ կանգնած երկու անձերից մեկի գլխին.

— Գյավո՛ւր, խնզըր, թերե՛ս…— գոռում էր նա,— ի՞նչպես ես համարձակվում քո արած հանցանքը այս մյուսուլմանի, «հաղկ դինը» պաշտող մարդու վրա բարդել և նրան դատի էլ ենթարկել…

— Վալլա՞հ, աղա՛…— ասում էր խեղճը գլուխը քորելով,— ախր նա գլուխս պատռեց, ահա, տեսեք…— և նա ցույց էր տալիս ճակատի վրա բացված լայն վերքը, որի վրա արյունը թանձրացած մի կարմիր թաղանթ էր կապել։

Դեպքը այս էր, ինչպես որ հետո հասկացա։

Բալըք բազարում մի թուրք մտնում է մի հայ կերակուր եփողի խանութ և «շքեմբե չոռբասի»[1] է ուզում 40 փարայի. հայը լցնում է մի աման դնում է նրա առջև, սակայն միտքը ուրիշ տեղ եղած լինելով՝ մոռանում է հաց բրդել մեջը. թուրքը բարկանում է և ամանը կերակուրով շպրտում է հայի գլխին. բարեբախտաբար կերակուրը ողողում է հայի միայն հագոոստը, իսկ ամանը մի մեծ վերք է բաց անում նրա ճակատի վրա։ թուրքը այդ քաջագործությունը անելուց հետո ուզում է փախչել, սակախ հայը մի ոստիկան է կանչում և թուրքին բռնել տալիս։ Ոստիկանական Վարչությունը բարվոք է համարում հային էլ թուրքի հետ բանտարկել մինչև դատի օրը, և ահա նրանց բանտարկվելուց մի ամիս հետո գործը սկսում էր… Այդ դատն էր, որին մենք ներկա լինելու պատիվը ունեցանք։

Թուրքը հայտնել էր, թե հայը իրեն ապտակել էր, ուստի և ինքն էլ կերակուրի ամանը շպրտել էր նրա գլխին որովհետև բարկությունից

  1. Փորոտիքից շինած սուպ