Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/240

Այս էջը հաստատված է

Ե

— Գնա,— ասացին ինձ, երբ վկայութունս տվի, և ես դուրս գնացի սրահից, կոշիկներս հագա ու ցած իջա սանդուխներից։

Երկայն նրբանցքից անցնում էի, երբ այնտեղի լռությունը, դռներից մեկի առջև ժողովված բազմությունը ինձ դրդեց մոտենալու:

Այդ դռան վրա գրված էր «Եղեռնադատ նախնական ատյան»։

Դռան վարագույրը ետ էր քաշված, և մի հոծ բազմություն՝ միմյանց վրա խռնված դիտում էր ներսը, Կարողացա թևերի տակով ներս մտնել և այս անգամ ես գտնվում էի փոքր-ինչ ավելի մեծ, մաքուր, մեծ լուսամուտներով մի սրահի մեջ։ Կարմիր վարագույրները ծածկված լինելով մի խորհրդավոր լույսի մեջ տեսա բարձր ամբիոնի վրա եռանկյունի կանաչ սեղանը, որի գլխին նստել էր նորից մի սպիտակ փաթտոցավոր «կադի», և նրան շրջապատել էին հինգ-վեց շատ կոկիկ հագնված պաշտոնյաներ։

Կանոնավոր մի սրահ էր, ատյանի առջևում մի վանդակ կապած, սրահի մեջ նստարաններ, դռան ճակատին սուլթանի «թուրան», ատյանի երկու կողքին փաստաբանների համար բարձր սեղաններ և վերը՝ ամբիոնի մի անկյունում, զանազան դեսպանների համար աթոռներ, որոնց մեկի վրա նստել էր պարսկական գլխարկով պարսից դեսպանի հայ թարգմանը։

Խոր լռություն էր տիրում սրահում, և «քաթիպ- էֆենդին»[1] ոտքի կանգնած կարդում էր ձեռքին բռնած թուղթը, իսկ դատավորները կամ խազխզում էին իրենց առջևը դրված թղթերի վրա և կամ ժողովուրդն էին դիտում։

Ես տեղ բռնեցի մի նստարանի վրա և դիտում եմ:

Տասնհինգ րոպե տևեց այդ «լահիհեն»[2], որից հետո նախագահը գոչեց.

— Հյուսեյն Խալիլ օղլին և Ահմեդ Նազիմ էֆենդին թող առաջ գան:I

Ատյան մտան մի հասակավոր, պերճ հագնված տաճիկ և նրա ետևից՝ մի կեղտոտ դեմքով կտրտած հագուստով պարսիկ, որի մի թևը վզից անցկացրած թաշկինակի մեջ էր դրված. այդ պարսիկը նմանում էր մի մշակի, իսկ թուրքը՝ մի հարուստ բեյի։

Եվ այդպես էլ էր. թուրքը Հիսար–Բուրնիի կաշիի գործարանատերն էր, իսկ պարսիկը՝ նրա ամենահասարակ գործավորներից մեկը:

  1. Գրագիր:
  2. Տեղեկագիր: