Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/248

Այս էջը հաստատված է

ավելի վատ ենք ապրում… Որ մեզ նեղացնող չլինի այնտեղ, որ հարկերը պարտքերը չլինեն, մեր երկրի բանջարեղենը միայն կկերակրի մեզ ողջ տարին…

— Այո, բայց հարկերն էլ կան, պարտքերն էլ և ապա՝ կոտորած, արյուն, թալան…

Լռեցին գլխիկոր երկուսն էլ։

Ցածրում մյուսները ճաշել էին և պարզվել վագոնների հովանու տակ: Ամեն ինչ համարյա լռել էր։ Մկոն սրբեց բերանն ու ելավ։

— ժողովի՛ր հացը, ուզում եմ քիչ քնել, ջարդված եմ։

Ասաց ու պարզվեց պատի վրա։ Լայն պատ էր, մեջքը դարձրեց արևին, երեսը՝ ծովին։

Ակոն հացը հավաքեց, քիչ հեռու գնաց և նույնպես պարզվեց գետնին։

Լսվում էին միմիայն ծովի շշուկը, շոգենավի դողալը և հեռուն, անտառոտ լեռներից ու ձորերից, ճահիճների մեջ կոկռացող գորտերի ձայներից կազմված խուլ աղմուկների համերգը, որ գալիս շշնջալով ընկղմվում էր ծովի շշուկի մեջ։ Բնության մրմունջն էր. անորոշ, բայց օդը լցնող մրմունջ։

Մկոն ծովն էր դիտում։ Աչքը կապուտակ անհունության, մտքով գնում էր ավելի հեռու, անցնում էր ծովի հորիզոնը և դեռ ավելի հեռու, շա՜տ հեռու…

Եվ նա տեսնում էր։

Տեսնում էր այնտեղ, ծովի, սարերի և ձորերի ետևում, շա՜տ, շա՜տ հեռու, մի սքանչելի դաշտի վրա իր գյուղը, որի հորիզոնն էր Տավրոսի լեռը, շրջապատն էր՝ Մշո ծաղկավետ ու գեղածիծաղ դաշտը իր անոշ զեփյուռով, ճլվլան թռչուններով, պարզ, ականակիտ վտակներով։ Սողոսկում էին այնտեղ զղզղուն ջրեր ամեն կողմից, փայլում արծաթի պես, շողշողում արևի տակ, միմյանց գալարվում օձերի նման, համբուրում, գգվում գիներբուկների և շուշանների, կյանք տալիս բազմազան բանջարեղենների։ Սխտորուկն ու սպիտակ-բանջար, եղինջն ու մանդակ, բողիկն ու ավելուկ, կովու-ճակտեկն ու սիբեխ՝ բուսած էին շուշանի, կակաչի ու մեղրածծուկի, մեռոնածաղկի և գետնի վարդի անուշահոտության մեջ…

Եվ ծածանվոմ, օրորվում էր, կանաչ արտերի ամբողջ տարածությունը, քամին սուրումկռացնում էր նրանց պարարտ-գլուխները… Մարգագետնի, մարդահասակ խոտերի մեջ արածում էին պարարտ կովեր, դմակալից ոչխարներ, թռչկոտում էին կայտառ այծեր, միմյանց գլուխ բռնում ուլեր և գառնուկներ… Հովիվն իր թաղիքի հետ փռվել էր խոտերի