Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/25

Այս էջը սրբագրված է

արհամարհելով, ինքը միայն արժանի էր մեն-մենակ տիրապետելու երկնային բոլոր վարձատրություններին։

Այդպիսի բացարձակ բարոյականի տեր անձը ուրեմն և պետք չէր ունենալ իր զգացմունքների քանակությունը գիտենալու։

Բայց նրա ուզածն այն էր, որ մի անգամ ևս կարողանար ակներև կերպով փայլեցնել իր բարձր առաքինությունը ամբոխի առջև։

Եվ նա հպարտությամբ մոտեցավ գործիքին… արտասուքը վայրկենապես ցած իջավ և… սառեց։

Բրահմինը հիացած, ուրախ, վեր թռավ ու օրհնում էր կնոջը։ Նա իսկույն նշանակեց սառեցման կետը և նրա կողքին էլ արձանագրեց սույն խոսքերը.

«Առաքինությունը վատթարության աստիճանի»։

Կինը կատաղեց: Տաճարի շեմքի վերա բարձրացավ ու այնտեղից մեծ ձայնով գրգռեց ամբոխին, սատանայական գյուտերի դեմ և խորհուրդ տվավ, հանուն ամենամեծ փառացն աստուծո, ոչնչացնել զգայնափը:

Բարեպաշտները գրգռվեցին, «սուրբ» կրակով վառված հարձակում գործեցին Բրահմինի տան վրա և փշրեցին գործիքը։

Զգայնաչափը այլևս չկար։

Եվ հենց այդ օրվանից է, որ այլևս չկա մի կշիռ մարդկային առաքինությունների և զգացմունքների համար…


ՄԵԾ ՓԱԿԱՆՔ

Դիլիջանից մինչև Ալեքսանդրապոլ տրոյկայով գնացի. ընկեր վերցրի Պարսկաստանից եկող մի պարսիկ, և որովհետև լավ էի վարվում հետը և քաղաքավարությամբ, նա իրան երախտապարտ էր զգում, իր հովանոցով ինձ արևից պաշտպանում կամ իր խոսակցություններով ինձ զբաղեցնում։ Ւնչպես երևում է, պատմիչ էր. լիքը բերնով էր արտասանում նախադասություններ կամ բառեր և պատմածի մտքի համեմատ էլ շեշտված միմիկաներ ուներ։

Չգիտեմ ինչպես եղավ, որ նա ինձ պատմեց այդ զրույցը. կարծեմ այդ այն ժամանակն էր, երբ ես ցանկություն հայտնեցի իջնել, ճանապարհից դուրս գտնվող մի հանքային ջրի մոտ գնալ, և երբ գնացինք, գտա, որ իզուր ժամանակ էինք կորցրել, որովհետև ջուրը ոչինչ բան էր։

Այդ բանից հետո մենք կառք նստեցինք, և պարսիկը, մորուքը շփելուց հետո, վարդապետական ձայնով ու շեշտելով արտասանեց.