Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/252

Այս էջը հաստատված է

Թևը աղեղ շինեց, շարժեց անդամները, գլուխը թևերի մեջ առավ և էլի սկսեց մտածել։

…Ուրեմն, այնտեղ անհնար էր ապրել, այստեղ էլ… էլի, երբեմն թվում է, որ այնտեղ լավ է։ Գիտես, որ երբ այնինչը մոտ է գալիս, խփելու է. պատրաստվում ես՝ կամ մեջքդ ես դեմ անում կամ բռունցքդ… Իսկ այստեղ։ Սողոսկում են քրտինքիդ մոտ և երբ կարծում ես, թե աշխատել ես մի բան, մեկ էլ տեսար՝ չկա, ոչինչ չմնաց… Եվ շատ ավելի տանջվում ես, քան այնտեղ… էլ ինչու՞ ապրել ուրեմն․ արդյոք Աստված նրանց ավելորդ չէ՞ր ստեղծել…

Հանկարծ ցատկեց, նստեց և կռացավ դեպի ջուրը։ Անդունդը, երերուն անդունդը քաշում, կարծես կանչում էր նրան։

Բայց շուտով սթափվեց, մի մեծ ալիք բարձրացավ և ջրի բուռն հոսանքով լվաց նրա գլուխը։

— Ինչե՜ր էի մտածում,— ժպտաց նա.— մի՞թե ուղում էի ինձ ջուրը ձգել։ Ինչո՞ւ ձկներին կերակո՞ւր… Ի՜նչ ծիծաղելի ճակատագիր, որ կողմդ դառնաս, մեռած կամ կենդանի՝ կերակուր ես ուրիշների…

Ջուրը քիչ զովացրած լինելով նրա գլուխը, այս անգամ նա քիչ մնաց ննջեր, բայց էլի՛ միտքը գնաց երկրին, էլի՛ ալիքները հնչեցին և երկրի ձայնը ականջին հասցրին…

Հիշեց, որ երկրից վատ լուրեր էին գալիս, սոսկալի բաներ էին պատմում։ Արդյոք ի՞նչ դրության մեջ էր այժմ իր գյուղը։ Ամեն ինչ անշուշտ ավելի քան երբեք՝ տակնուվրա, ո՜չ մշակություն կլիներ, ո՛չ տավար մնացած, ո՛չ արտ, ո՛չ կայք… Խլում են, թալանում, այրում և սպանում… Կենդանի՞ է արդյոք Մարիամը և ո՞ր քրդի հարեմում, իսկ Ռկո՞ն, Գաբո՞ն, ո՞ր թփի տակ արդյոք իրենց վերջին շունչն են արձակում… Իսկ ծերունի մա՞յրը…

Եվ այդ բոլորի հետ, իրենք այս կողմը, տանջվում են, պակաս արյունոտ հաց չեն ուտում, պակաս չեն թալանվում, մեռնում…

Ուժգնությամբ ելավ նստեց և արյունոտ աչքերը պտտացրեց չորս կողմը։

— Ինչու՞ ուրեմն,— մտածեց նա ուժգնությամբ,— ինչո՞ւ այս բոլորը չկրել գոնե այնտեղ, երկրում, յուրայինների մոտ… Ինչո՞ւ այնտեղ, նոցա հետ չտանջվել, ինչո՞ւ չգնալ իրենց հողի վրա տքնել, երկրի օդը շնչել և այնտեղ էլ մեռնել…


1894