Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/253

Այս էջը հաստատված է

ԱՆՆԱ

(Ուսանողի հիշատակարանից)

1

Եվ որովհետև խոստացել եմ քեզ, ահա պատմում եմ։

Գուցե պատմածս քեզ այլանդակ թվի, սակայն, պատմում եմ այն, ինչ որ եղել է և, աստված է վկա, որ շատ էլ մի մեծ հաճույք չեմ զգում դրանով, անցյալը, մանավանդ, հին վերքերը քրքրող անցյալը, պեղել՝ կես վիրավորվել է նշանակում։

…Փարիզ էի գնում. այն ժամանակ ես իրավաբանության ուսանող էի։ Ամառը մեզ մոտ՝ Կովկասում, անցկացնելուց հետո հոկտեմբեր ամսին վերադառնում էի. դասախոսությունները շուտով սկսվելու էին և դրա համար էլ հազիվ Վիեննայի մի կայարանը հասած, իսկույն կառք բռնեցի դեպի մյուս կայարանը գնալու, այդպես անելու ստիպեցի նաև մի մալարուս ընկերուհուս, որ նոր էր գնում Եվրոպա և Օդեսայում խնդրել էր ինձ օգնել իրան։

Հասնելով Վեստբահնը[1], մի անկյունում ցած դրի բեռս, խնդրեցի ընկերուհուս սպասել և վազեցի տոմսավաճառի մոտ երկուսիս համար էլ տոմսակ առնելու։

Ահա այստեղ էր, որ ծանոթացա Աննայի հետ։

Կռթնած տոմսավաճառի առջևի կայանքին սպասում էի իմ հերթին և մտքով Փարիզ էի. ոչ ոքի ուշադրություն չէի դարձնում, երբ տեսա, որ մեկը ինձ հարցնում էր․

— Ներեցեք, պարոն, Փա՞րիզ եք գնում դուք։

Դառնում եմ. մի ռուս օրիորդ էր, թևով հենած կայանքին:

Երկարահասակ էր, սիրուն, կապտագույն աչքերը խիստ արտահայտիչ էին, մի ամբողջ խոր աշխարհ կար նրանց մեջ… դեմքի վրա խաղում էր մանկական խիստ քաղցր, գրավիչ ժպիտ, թշերը կարմիր էին, գողտրիկ, մազերը կարճ և բաց թողած, երկու քունքերից դեմքի վրա իջել՝ ծածանվում էին երկու խոպոպներ, գլխին ուներ մեջտեղից ակոսացրած՝ տղամարդի մի փափուկ գլխարկ, որ սքանչելապես սազում էր նրան։

Շարժվածքների մեջ թեև կար ռուս ինտելիգենտ կնոջ, մանավանդ ուսանողուհու ազատություն, բայց այդ այն հախուռն, անբնական շարժուձևերից

  1. Վիեննայից դեպի արևմուտք տանող երկաթուղիների կայարանը։