Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/258

Այս էջը հաստատված է

ինձ պետք է մոռանալ նրանց և ես ավելի պեղում եմ հիշատակներս։

Մի երազ էր, որ տեսա, այժմ զարթո՞ւն եմ արդյոք… չգիտեմ այդ… տանջվում եմ… հիշում եմ Աննային, հիշում այդ հրաշալի հրեշտականման ազնիվ աղջկան, հիշում եմ նրա և իմ տանջանքները և… ներիր ինձ, բարեկամս, որ գրիչս ցած դնեմ… գոնե այսօրվա համար։

2

Ցուրտ է. ձմեռային մի երես կտրող քամի է բարձրացել․ ֆրանսերեն դրան կոչում են bise. իսկապես, որ բիզ է, ծակծկում է մարմինը. երբեմն թվում է, թե սառույցի կտորներով ապտակում են քեզ։

Վառել եմ վառարանս և դուրս չեմ գալիս, կարդում եմ, երազում եմ կրակի բոցի առաջ, բազկաթոռիս մեջ ընկղմած։

Աննային եմ մտածում․․․ չշարունակե՞լ արդյոք գրելը։

Որքան դժվար բան է եղել խոստում կատարելը, եթե խոստացած չլինեի, մի կարծիլ, թե կուզենայի խոսել-գրել։

Բայց ահա հիշում եմ այսօրվա պես այն երեկոն, երբ կատարվեց խոստովանությունը։

Ժամը 7-ն էր, այսօրվա պես մի սառը քամի էր փչում դրսում. ես նստել էի վառարանիս մոտ, աչքերս կրակին հառած մնացել էի, երբ դուռը մեղմությամբ բացվեց։

Աննան էր. մտավ, գլխարկը չհանած մոտեցավ վառարանին ու ասաց.

— Լավ տաք է այստեղ, սակայն, գնանք ինձ մոտ, տանտիկինը անշուշտ վառած կլինի իմ վառարանն էլ։

Հետո դուրս եկավ, ես էլ ետևից։ Երբ իր սենյակը մտանք, գլխարկը հանեց, վառարանի մեջ փայտ դրեց, հետո գրպանից դուրս քաշելով սեղանի վրա ձգեց Մոսկվայից ստացած 10-րդ նամակը։ Մի ամիս էր, որ Փարիզ էր և 10-րդ նամակն էր, որ ստանում էր նա միևնույն անձից… և պարբերաբար, շաբաթը երկու անգամ, ամեն անգամ երկու կամ երեք թերթերից բաղկացած։

Մինչև այդ օր չէի համարձակվել հետաքրքրվելու, թեև մի խուլ կասկած կրծում էր ուղեղս, երբ 10-րդ նամակը ձգեց սեղանի վրա, այլևս չդիմացա և հարցրի դողդոջուն ձայնով.

— Լավ շուտ-շուտ նամակներ եք ստանում, ումնի՞ց է արդյոք. հորի՞ց։

Մեջքը դարձրած, պահարանի վրա մի գիրք էր փնտրում իմ այդ