Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/260

Այս էջը հաստատված է

Ոչ մտածել էի կարողանամ և ոչ էչ շարժվել, ցավ անգամ չէի զգում, հարվածը շատ խիստ էր եղել և մի առժամանակվա համար թմրեցրել էր ջղերս։

Բայց երբ կես ժամ անցավ և քիչ-քիչ զգալ սկսեցի, սարսափելով. տեսա, որ պաշտում էի Աննային, որ առանց նրան այլևս ինձ ապրել անհնար էր և որ… ես մի թշվառ էի, մի դժբախտ… զգացածս ցավը այնքան խիստ էր, դառնությունը՝ առատ և հուսահատությունը՝ կատարյալ…

Մթան մեջ նստած, չէի ապրում այլևս, կսկիծ էի զգում, լալ չէի կարող, լալ՝ մի քիչ մխիթարվելու համար։

Հանկարծ զգացի, որ ճրագս վառվեց, հետո երկու թևեր գրկեցին ինձ և մի ջերմ, շատ ջերմ համբույր սթափեցրեց ինձ։

Աննան էր։ Գրկել էր վիզս, գլուխը ետ ձգած և աղաչավոր կերպարանքով չոքել էր առջևս…

- Աննա՛,— գոչեցի ես վայրենի ձայնով,– այդ դո՞ւ ես… մի՞թե ինձ սիրում ես ուրեմն։

Ինձ էր նայում դառնությամբ, մի հանցանք գործողի ակնարկով. կրճտացնում էր ատամները, մոտենում էր ինձ ջղաձգորեն։

— Ո՛չ, ո՛չ,— մռմռաց նա,— քեզ էլ չեմ սիրում, բայց չեմ ուզում, որ քեզ չարչարես և ինձ էլ տանջես… Օ՜, դու ինձ շա՛տ, շատ ես տանջում…

- Ինձ չե՞ս սիրում,— բացականչեցի,— ուրեմն ի՞նչ գործ ունիս այստեղ. հեռացիր, գնա և թող ինձ կրեմ իմ վիշտը։

Գրկեց ինձ, ընկավ կրծքիս վրա և համբուրեց։ Համբուրում էր ու կրկնում.

— Չկարծես, սակայն, որ քեզ սիրում եմ, ո՛չ… ոչ քեզ և ոչ էլ նրան, ես ոչ ոքի սիրել չեմ ուզում։

Չէր էլ լաց լինում, բայց տանջվում էր ամբողջ էությամբը։ Դեմքը փոփոխվում էր, աչքերը պտտվում, ջղաձգությամբ գալարվում էր գրկիս մեջ, քաշում էր ինձ դեպի իրեն, մոտենում շրթունքներիս, կատաղի համբույրներ էր դրոշմում նրա վրա… եթե չէի հարցնում, թե սիրում էր ինձ, թողնում էր, որ իրեն գգվեի, իսկ եթե հարցնում էի, իսկույն ետ էր մղում ինձ և գոչում, որ չէր սիրում ինձ, չէր ուզում և չէր կարող։

Եվ սակայն տանջվում էր ծնկներիս մոտ, գալարվում գրկիս մեջ։ Երբեք մի կին դրանից ավելի հայտնի նշաններ չէր կարող արտահայտել ջերմ, տռփոտ կրքի–սիրո։

Իսկ ես մի ծայրահեղությունից մյուսն էի ընկնում, հույս էի ստանում, հուսահատ լինում։ Իր երկու փոքրիկ ձեռքերով բռնում էր թշերս,