Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/262

Այս էջը հաստատված է

– նախ թող այդ կծու հեգնության վիշտը, զզվելի է… և երկրորդ՝ ես չեմ ասել, որ նրան ատում եմ. ճշմարիտ է, ես նրան չեմ սիրում այնպես, որպես… բայց չեմ ատում, չէի ուզիլ, մանավանդ, որ նա մեռներ… իսկ նա կմեռնի, եթե ես ուրիշին սիրեմ. արդեն տանջվում է երբ նկատում է, որ ես այլևս չեմ ուզում նրան։

Նստեց, շալովը փաթաթեց մի թևը, առավ մի գիրք ու սկսեց ջղայնությամբ թղթատել նրան, հետո կանգ առավ ու շարունակեց կցկտուր կերպով ու հետզհետե հուզվող ձայնով։

― Երկու տարի է, — ասաց նա — երկու տարի, որ պաշտում է ինձ… այո՛, այդպես սիրել անհնար է, մի երազիլ, որ այդքան դու կարող ես ինձ սիրել, առանց ինձ ապրիլ չէ կարող, շնչել չէ կարող… Կազան էր գնացել մի վեց ամիս և շաբաթը երկու անգամ երկար նամակներ էր գրում… այդքան ջերմությունը սառեցնում է ինձ… քանի սառն եմ վարվում, նա այնքան ավելի պաշտում է ինձ… կմեռնի, անշուշտ, կմեռնի, եթե իմանա, որ ուրիշի եմ սիրում… հպատակվում է ճակատագրին, եթե իրենից սառում եմ, բայց կսպանեմ նրան, եթե սիրեմ ուրիշի… այդ նա չի կարող տանել, լավ գիտեմ։

— Ուրեմն իրեն չես ասիլ, — միջահատեցի ես,– չէ՞ որ այլևս չես սիրում իրեն, այդ հայտարարությունը գոնե նրա անձնասիրությունը գրգռելով կարող կլիներ մոռացնել տալ սերը, այդ հայտարարությանդ նույնպես քեզ ազատ կկացուցաներ…

— Ա՛խ, ինչե՛ր ես ասում… ասե՞լ նրան․ ինքը լավ է զգում, տանջվում է, խիստ տանջվում… ամեն նամակի մեջ գանգատվում է, որ սառն եմ դեպի իրեն, որ սպանում եմ իրեն իմ բացակայությամբ, իմ սառնությամբ… «Առանց քեզ,— ասում է նա,— ամեն ինչ չոր է, չոր և դատարկ»․ գանգատվում է, որ չգիտե, թե ի՞նչ հանցանք է գործել իմ դեմ… հանցա՞նք… ի՞նչ հանցանք, հրեշտակի պես տղա է, ազնիվ, մաքուր… չգիտեմ, ես էլ չգիտեմ, թե ինչո՞ւ այլևս չեմ սիրում նրան։

Ասաց Աննան և գլուխը խոնարհեցրեց տխրությամբ ձախ թևով լայն բաց արած շալի մեջ։ Այդպես նա մնաց լուռ մի քանի րոպե, հետո գլուխը հանեց և շարունակեց.

― Գուցե միմյանց հետ շատ ենք եղել՝ նրա համար…— ասաց աչքդ ճրագին հառած,– գուցե սովորական է եղել… անազնվություն է արածս, գիտեմ, բայց ուղղակի նրան ասել, որ ուրիշին եմ սիրում— այդ չեմ կարող, գիտեմ, որ կսպանեմ նրան։ Երկու հույսով այդ չեմ անում, մտածում եմ, որ գուցե ապագայում ես կարող լինեմ էլի սիրել նրան, երբ բավական ժամանակ հեռու մնամ նրանից… մյուս հույսս այն է, որ նա ինքը գուցե ինձ հեռու ունենալով՝ մոռանա, վարժվի ինձ կորցնելու