Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/264

Այս էջը հաստատված է

— Այո՜,— շարունակեց Աննան,— առանց այն էլ նա զգում է, որ էլ, չեմ սիրում իրան, և մաշվում է, մաշվում:

Ասաց, մեքենայորեն բարձրանալով մոտեցավ ինձ, կանգնեց աոջևս, ժպտեց գունաթափ ժպտով, հետո բռնեց ձեռքս և սկսեք սեղմել: Թույլ տվի, ես էլ սկսեցի ժպտել։

— Ի՞նչու ես ժպտում,— ասաց նա ջղաձգությամբ ձեռքս սղմելով,― չե՞ս հավատում, կարծում ես, թե դիտմամբ եմ այդպես ասում։

Թողեց ձեռքս և նստեց կողքիս։

— Աստված իմ,— գոչեց նա— դու ինձ չես էլ հավատում…

Որպիսի հուսահատ կերպով արտասանեց նա այդ բառերը, հետո հախուռն կերպով ընկավ առջևս և դեմքը թաքցրեց թևերիս վրա։ Կռացա, բռնեցի գլուխը, շրթունքներս կպցրի մազերին և ասացի.

— Իմ խեղճ Աննա։

Ցնցվեց, վեր թռավ։

— Ինչպես,— գոչեց նա — խե՞ղճ… ուրեմն դու ինձ խղճո՞ւմ ես այժմ էլ. դու ինձ չես հասկանում, ո՛չ, դու այն չես, ինչ որ կարծում էի։

Ես ժպտացի հեգնորեն, ընդհակառակն, հասկանում էի իրեն իմ կարծիքով և կարծում էի այն ժամանակ, թե այդ ջղային աղջկա արածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կոկետություն։

Բայց նա դողում էր. ջղային մի տենդ պաշարում էր ամբողջ օրգանիզմը։ Մոտեցավ նա վառարանին. քանի տաքանում էր, այնքան ավելի ակներև կերպով դողում էր. ատամներն անգամ մեծահնչուն կերպով կափկափում էին։

Փաթաթվում էր շալով, մոտենում էր կրակին:

— Ցուրտ է…— մռմռաց նա,— ցուրտ… զարմանալի է, այո՛, որքան դողում եմ… և սակայն դու դեռ չես հասկանում… աստված իմ։

Մի պտույտ գործեց վառարանի շուրջը. հետո կանգ առավ, դողում էր սաստիկ։ Վերջ ի վերջո մի քանի անգամ ձեռները կրակին տարավ ու երբ մի քանի անգամ ունելիքով խառնել էր կրակը, դարձավ կիսովին ինձ ու ասաց.

— Ժամը քանի՞սն է։

— Տասներկուսը… թեյ կուզե՞ս։

— Ո՛չ, գնամ պառկեմ։ Թևդ տուր ինձ, դողում եմ. դու ինձ պիտի հավատաս, չէ որ ես քո մոտ երբեք չեմ ստել… թևդ տուր, այդպես. այժմ գնանք ինձ մոտ, բայց շուտով վերադարձիր, ես ուզում եմ պառկել… իսկ դու ինձ անպատճառ պիտի հավատաս:

Թևս տվի նրան և տարա իր սենյակը. այնտեղ նա, փոխանակ թևս թողնելու, սեղմեց և ասաց մրմնջելով.