Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/265

Այս էջը հաստատված է

— Մնա՛, դեռ մի՛ գնալ… նստիր ինձ մոտ, ահա այստեղ… մոտ նստիր. տուր ձեռքդ… Օ՛, տաք ես դու, իսկ ճակա՞տդ… էլի տաք է, ուղեղդ շատ է գործում:

Նստեց դիվանի վրա, նստեցրեց ինձ կողքին, բռնեց ձեռքս, շոշափեց ճակատս, հետո երկար նայեք դեմքիս, կաթոգին ժպտեց և կամաց մոտ եկավ, գլուխը իջեցրեց թևիս վրա ու մռմռաց հազիվ լսելի ձայնով.

― Օ…– մռմռաց նա,– աստված իմ, որպես լավ է, այո՛… էլ չեմ դողում. դու շատ լավ, շատ լավ տղա ես… խելոք… ես կուզեի քեզ համբուրել, քեզ սիրել…

Կռացա դեպի նա և ուզեցի համբուրել։

Հանկարծ ցատկեց, ետ մղեց ինձ ու գոչեց.

― Օ, ո՛չ, ետ գնա… ես չեմ կարող։

Սկսեց հրել ինձ ուժգնությամբ և կատաղությամբ շարունակեց.

― Դո՛ւրս գնա… դուրս գնա այժմ, թող ինձ, գնա՛։

Դուրս գնացի, չգիտեմ ինչու։ Աննան հիվանդ էր, պետք էր նրան թողնել, այդպես դատեցի այն րոպեին, գուցե սխալ գործեցի, բայց դուրս եկա և տանտիկնոջը ուղարկեցի նրա մոտ։

Տանտիկինը հանվեցրեց նրան ու պառկեցրեց, և երբ դռան ետևից նրան հարցնում էի Աննայի մասին, լսեցի, որ Աննան անկողնի միջից ասում էր գրեթե զառանցելով.

― Անպիտանություն է այս… ուզում է Կոլյային սպանել, չի հավատում ինձ… աստված իմ…

Բարեբախտաբար տանտիկինը չէր հասկանում նրա խոսած լեզուն:

4

Աննան հիվանդ մնաց մի ամբողջ շաբաթ։ Ներս մտնել նրա մոտ, չէի կարող, անկողնի մեջ էր։ Իմաց տվի իր ընկերուհուն և մի քանի ուրիշ ուսանողուհիների, որոնք, գալիս և խնամում էին նրան։

Ջղային ցնցող տենդ ուներ։

Երբ առողջացավ, մի առավոտ, իր սովորության համեմատ, առանց բախելու դուռս բաց արավ և մեղմությամբ ժպիտը դեմքի վրա.

― Բարև,– ասաց նա,— որքան ժամանակ է չեմ տեսել քեզ, ինչպե՞ս ես։

Եվ աթոռն առնելով նստավ դիմացս։

― Լավ եմ,– պատասխանեցի,– իսկ դո՞ւք, հույս ունիմ, որ այժմ լավ եք։