Եվ այսպես Աննան հեռացավ ինձանից։ Բնական է, որ նախ սակավ, և հետո, մանավանդ ավելի սակավ սկսեցի գնալ նրա մոտ, որովհետև երբեք մենակ չէի գտնում նրան։ Գիտեր գնալու ժամերս ու աշխատում էլ մենակ չլինել։ Դուրս էլ չէր գնում, որովհետև ուզում էր, զգալի կերպով ցանկանում էր տեսնել ինձ, խոսել ինձ հետ։
Եվ դեռ տանջվում էր ամեն անգամ, երբ տեսնում էր ինձ, երբ ես սիրո վրա խոսք էի բաց անում։
Այդ միջոցին էր, որ, չնայելով ձմռան մոտենալուն, խոլերան կոտորածներ էր անում Ռուսաստանի ներքին գավառներում։ Ռուսաց կառավարությունը հրավերներ էր կարդում բոլոր ռուսահպատակ բժիշկ ուսանողներին, գնալ օգնելու առողջապահական կամ օգնող խմբերին։ Ամեն կողմից գնում էին։ Փարիզից էլ գնացին ուսանողներ և ուսանողուհիներ։
Աննայի ընկերուհին էլ չէր դիմանում կլիմային և բժշկի խորհրդով պատրաստվում էր վերադառնալ հայրենիք։ Եվ ահա մի օր, երբ ես Աննայի մոտ մտա, գտա այնտեղ մի տակնուվրայություն։ Աննան կապկպում էր իր գրքերն և շորերը, մի քանի ուսանողուհիներ օգնում էին նրա։
Զարմացած կանգ առի շեմքի վրա։
― Ի՞նչ է եղել,— հարցրի,— էլի՞ սենյակ եք փոխում։
Աննան գլուխը բարձրացրեց, թողեց գրքերն ու մոտեցավ ձեռքը պարզեց ինձ։
― Ոչ,— ասաց հուզմամբ,— Ռուսաստան եմ գնում։
Արյունս մի բուռն հոսանքով վազեց դեպի սիրտս, գունաթափվելս զգացի։
― Գնո՞ւմ եք,— ասացի,— և ինչո՞ւ համար։
― Խոլերայի,— ասաց նա,— ուզում եմ մտնել նրա դեմ կռվող բանակի մեջ։
― Բայց,— գոչեցի ես անձկանոք,— կռվելու համար պատրաստ չեք դուք, դուք ոչինչ չգիտեք դեռ։
― Սխալվում եք,— միջահատեց նա,— ես այստեղ գալուցս առաջ բավական բան գիտեի։
Հետո լռեց և նստեց, ինքն էլ գունաթափ էր։
― Ե՞րբ եք գնում,— հարցրի ես դողդոջուն ձայնով։
― Կես-գիշերին, այսօր… երեկոյան ուզում եմ գալ ձեզ մոտ. տանը կլինե՞ք։
―― Վեցից սկսած։
― Ժամը տասին կգամ, ոչ ավելի շուտ։