Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/268

Այս էջը հաստատված է

Թոթափեց իրեն, բարձրացավ, սիրալիր ժպիտով ձեռքը ինձ պարզեց և ավելացրեց.

— Նո՜ւ, ցտեսություն, երեկոյան, իսկ այժմ թողեք մեզ կապկպել։

Դուրս գնացի, ամբողջ օրը գժի պես էի, գլուխս տեղը չէր. փողոցներում ման էի գալիս առանց նպատակի, դասախոսություններ լսեցի առանց մի բառ հասկանալու, շատերը ինձ հիվանդ կարծելով՝ առողջությունս էին հարցնում։

Ժամը տասին եկավ Աննան։

— Ներիր, բարեկամ, որ չեմ կարող երկար կանգ առնել այդ ետին ժամերի վրա, ուժ չկա։

Խոսեց Աննան, թեյ խմեց․ շատ սիրալիր էր, գորովանոք էր դիտում ինձ զգալի կերպով ճիգ էր գործում անվրդով մնալու, թույլ չտվեց անգամ համբուրելու իրեն, և եթե ես մոտենում էի, նա մեղմությամբ ետ էր հրում ինձ և քիչ նեղացած, բայց մեղմությամբ ասում.

— Նո՛ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, բարեկամս, երբ ասացի, որ չեմ ուզում, որ ինձ սիրես…. ո՛չ, մոռացիր ինձ, մոռացիր…

Ժամը 11-ին գնաց։ Հեռանալուց առաջ բռնեց ձեռքս, սեղմեց ջղաձգությամբ, երկար նայեց աչքերիս, հետո արտասվալից աչքերով կպավ կրծքիս, թույլ տվեց, որ համբուրեմ իրեն, ինքն էլ ինձ համբուրեց և ասաց մրմնջալով.

— Եթե ապրեմ, բարեկամս, գիտցիր, որ միշտ մի անկյուն կունենաս այստեղ։

Ցույց տվեց սիրտը, խլվեց գրկիցս և արագությամբ դուրս փախավ։

Խնդրել էր, որ կայարան չգնամ, բայց գնացել էի։

Աչքին չերևացի, հեռվից տեսա, թե ինչպես բազմաթիվ ուսանողներ և ուսանողուհիներ սեղմեցին նրա ձեռքն ու բարի ճանապարհ մաղթեցին։

Նա ժտում էր տխուր, գունաթափ ժպիտով․ նայեց բոլորին, աչքերով փնտրեց մեկին՝ ինձ էր փնտրում, հետո ախ քաշեց և մտավ վագոն։

Երրորդ գանգն էր հնչում։

Լուսամատից էլի նայեց, փնտրում էր. քիչ մնաց երևան գայի, վազեի դեպի նա, բայց գնացքը շարժվեց և տարավ իր հետ իմ Աննային, իմ պաշտելի Աննային…

Ամիսները անցան, ոչ մեռած էի, ոչ կենդանի․ ստվերի պես պտտում էի. ամեն մի կին տեսնելուն պես հեռվից, կարծում էի, թե Աննան էր։

Ոչ մի չուր չկար նրանից։ Խնդրել էի, որ մի նամակ գրեր, բայց ասել էր, որ չի գրի և չգրեց։