Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/27

Այս էջը սրբագրված է

Դռան ճակատին էլ արաբական տառերով գրված էր՝ «Մտիր այստեղ, և կգտնես՝ ինչ որ փնտրում ես»։

Մեծ նկարիչը զայրացած բացականչեց.

— Ո՞ր տխմարն է արդյոք գրել այս տողերը. մի՞թե գերեզմանի մեջն է միայն, որ մարդ կարող է գտնել իր որոնածը։

Հետո ծիծաղեց ե ավելացրեց.

— Դա անշուշտ մի մեռնողի խոսք է. չկարողանալով ապրել, կամեցել է մահը ցանկալի դարձնել։

Ասաց ու մեջքը դարձրեց հեռանալու։ Բայց ակամայից միտքը միշտ այն տողերին էր, այն վերտառությանը։

Մի քանի րոպե մտածելուց հետո մի քանի քայլ մոտեցավ դեպի մեծ կողպեքը, նայեց նրան ու ասաց.

— Զարմանալի է. ինչո՞ւ են փակել շիրմի դուռը, և հետո ի՞նչ մտքով են դրել դռան վրա այնպիսի մեծ կողպեք, որ միայն դնում էն բանտերի կամ գանձարանների վրա։

Եվ նա նորից վեր նայեց ու կարդաց.

«Մտիր այստեղ և կգտնես ինչ որ ուզում ես»։

— Մտնենք,— մտածեց նա,— գուցե, իրավի, մի նոր բան կա թաքնված այդ մեծ կողպեքի ետևում. թշվառություն կամ գերությո՞ւն արդյոք, թե՞ գանձ կամ իշխանություն…

Շարժեց կողպեքը, շատ ծանր էր, վերցրեց մի մեծ քար է նրանով սկսեց ծեծել փականքը։

Հետաքրքրությունը հետզհետե համակում էր նկարչին, նա ցանկությունից դողում էր։

Երկար չարչարվեց և երեկոյան դեմ վերջապես շարժվեց փականքը, հանկարծ փշրվեց մեծ կողպեքն ու շիրմի դուռը կրնգան վրա դառնալով՝ լայնությամբ բացվեց։


* * *

Ցած ձգեց քարը, մի քայլ արավ. ներս մտավ նկարիչը և զարմանքի մի մեծ աղաղակ արձակեց։

Դեմուդեմի պատը բաց էր լիովին, և այդ բացվածքիցը երևում էին Շիրազի տներն ու այգիները։

Շիրիմը միայն երեք պատ ուներ. ետևի պատը չէր իսկ շինված։ Իսկ շիրմի ներքին տեսքը ապացուցանում էր, որ այդտեղ առաջին ոտ կոխողը նկարիչը չէր։

— Ինչպե՞ս… ինչո՞ւ այդ այլանդակ գործողությունը։