Ժպտաց դառնությամբ ու լռեց։ Պատկերացան մտքիս մեջ այդ իսկապես թափառող թշվառ հայրենակիցներս, որոնցից հաճախ կարելի է տեսնել Թիֆլիսի փողոցներում քարշ գալիս։ Փոշոտ, հոգնած խռպոտ ձայնով գոչում են նրան՝ «Գարյաչի բուլկի» և ոչ ոք չի գթում նրանց, ոչ ոք…
— Կլոր-դայիի Խաչոյին ճանաչո՞ւմ ես,– հարցրեց հանկարծ Մանուկը առանց ինձ նայելու և շարունակելով սրբել։
— Չէ, այդ ի՞նչ Խաչո է:
— Էն, որին ռուս Խաչո էլ էին ասում։ Ռուսեթ շատ էր մնացել, մի տղա ուներ, միասին էին Թիֆլիս: Որդին աշչի[1] էր, հայրն էլ բուլոչնիկ՝ էյնաթի Կարապետի մոտ։
— Լավ, հետո՞։
— Կարապետը Խաչոյին սկսեց համոզել, որ իր աշխատածից որդուն չտար և տուն էլ չուղարկեր։ «Տնավեր,— ասում էր նրան,— որդիդ էլ է աշխատում, թող նա տունը պահի, իսկ դու փող ետ ձգիր, որ էգուց մեկել օր թե տղադ քեզ չուզի պահել, դու խեղճ չմնաս…»։ Խաչոն համոզվեց, ամսական մինչև 10—15 մանեթ ետ էր ձգում, շան պես էլ կյանք վարում։ Փողերը թողնում էր Կարապետի մոտ։ Տարի մ’երկու, մոտ 300 մանեթ աշխատեց, էլ նրա քեֆին քեֆ չէր հասնի, ուզեց փարեն առնել ու երկիր վերադառնալ։ 30—35 ոսկի էր. բոլ փող էր, ուզեց Կարապետից։
— Ստացա՞վ։
— Համբերիր… Կարապետը, աղիս ասեմ, նրան համոզեց, որ փող հետը տանելը վտանգավոր է, քուրդերը կխլեին և այլն, որ թող Խաչոն երկիր երթա, ու Կարապետը հեռագրով նրան փող կհասցնի՝ «փողը տիրոջ առջև դուրս կգա»… Հավատաց Խաչոն, ուրիշ ճար էլ չուներ, թե որ չհավատար։ Հասավ երկիր՝ «փողը տիրոջ առջև» չելավ։ Նամակ գրեց, պատասխան չկա։ Ետ դարձավ Թիֆլիս եկավ։ Կարապետը վռնդեց իր խանութից. «Շա՞ռ ես ձգում վրաս,— ասաց,— ի՞նչ փող, ի՞նչ բան, թուղթդ ո՞ւր է»… Հուսահատ Խաչոն այս դուռ, այն դուռ ընկավ ու… այս մեկ կոշիկդ էլ հալից ընկել է, գիտե՞ս…
— Հետո՞, հետո՞,— գոչեցի ես նեղացած,— Խաչոն ի՞նչ եղավ։
— Ի՞նչ պիտի լիներ, մառախից[2], ցավից մեռավ։ Տարանք թաղեցինք Վերայի գերեզմանատուն։ Որդին էլ երկիր երթալու ժամանակ