Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/276

Այս էջը հաստատված է

― Էս ինչ տեսակ հաց է — մատը դրեց մեկի վրա Մահմեդը,– և ինչ փափուկն էլ է. սա ուտում են։

― Իհարկե,— ծիծաղեց ընկերը։

— Չայի հետ են ուտում,— ավելացրեց ծախողը,— շատ համովն է։

― Մեկ նայիր այստեղ, է, Շիրին,— դրդեց ընկերոջը Մահմեդը և ուզեց ձեռքն առնել մի բուլկի։

— Ձեռք մի տալ, կփշրես,— արգելեց ծախողը։

Պարսիկը ձեռքը ետ քաշեց, հետո ուզեց մուրճը ձեռքը առնել, բայց էլի թողեց և մի տենչալի հայացք ձգելուց հետո սակառի վրա ասաց.

― Փա՛հ, փա՛հ, ինչ լավ հացեր են է՜է՜:

Ծախողը ծանրությամբ սկսեց ծածկել բուլկիների երեսը։

Մահմեդը ցուցամատի վրա բութով մի եղնկաչափ ցույց տալով.

- Մի այսքան կտրի տուր,— ասաց,— տեսնեմ ինչ համ ունի։

Մյուս ընկերը ժպիտը դեմքին լսում էր. չէր էլ ջարդում. երբեմն միայն կռանը տափակեցրած հեռվից մոտ էր քաշում քարի թռչկոտած կտորները։

— Ինչպե՞ս կարելի է,— պատասխանեց ծախողը և սակառն ուսի վրա ձգեց,— չէ՞ որ կփչանա։

— Մի այսքան, էլի ,— պնդեց Մահմեդը,— խո ավելի չեմ ուզում, զաքե եթե լավն է՝ առնեմ։

— Շատ լավն է, չե՞ս տեսնում, որ շաքարով է շինված։

— Շաքարը երեսն է, խո մեջն էլ չէ։

— Մեջն էլ է շաքարով։

— Բույ…— զարմացավ Մահմեդը,— մե՞ջն էլ։

— Իհարկե,— ասաց ծախողը,— յուղով էլ։

― Բույ… իսկ ի՛՛նչն է կարմրեցնողը։

— Յուղն է և ձուն։

— Ձո՞ւ էլ կա մեջը։

— Կաթ էլ։

Մահմեդը ընկերոջը նայեց, նրա աչքերը մեծացան փափագից, քթի ծակերը լայնացան ու վերի շրթունքը բաժանվեց ցածրինից. ախորժակը խիստ գրգռվել էր։

Ծախողը մի քայլ արավ գնալու։ Մահմեդը անձկանոք նրան նայեց և սակառին։ Շիրինը տեսավ այդ, մի վայրկյան կնճռեց ճակատը, հետո դարձավ ծախողին ու ասաց կտրուկ ձայնով.

— Մեկը քանի՞։

— Հինգ կոպեկ,— պատասխանեց ծախողը և կանգ առնելով կիսովին դարձավ։ Կարծեց, որ առնելու էին։