- Աստծու բարին… արդեն զարթնե՞լ ես։
- Կոչնակիդ ձայնը թողնո՞ւմ է քնել,– ժպտում եմ ես.– բայց ես շատ եմ սիրում դրա ձայնը, այնպես քաղցր է հնչում քնի մեջ։
- Աղեն զարթնե՞լ է,– հարցնում է նա՝ կամենալով անցնել։ Հետո, առանց պատասխանի սպասելու, վերսկսում է.
- Ո՜վ բարեպաշտ ժողովո՛ւրդ…
Որքան գեղգեղ գիտե՝ հնչեցնում է։
- Ձայնդ խռզոտվել է, հա՜…
- Իհարկե կխռզոտվի. ցուրտը չե՞ս զգում։
- Մտիր մեկ տաքացիր, թոնիրը վառված է կարծեմ։
Եվ ժամկոչը, ցրտից զլված ձայնն իր վերին աստիճանին հասնելուց հետո, կանգ է առնում։
- Աղեն զարթնել է,— ավելացնում եմ ես,— վերից լսում էի, թե ինչպես Նարեկ էր քաղում։
- Աստված օրհնի աղին, շա՜տ ջերմեռանդ է. սաղ Նարեկը անգիր գիտի…
Ու մտնում է ինձ հետ։ Մի քանի դուռ էր մնացել բախելու դեպի վեր, շատ էլ կարևորներիցը չէին։
Տանտունի դռան առաջ ոտները թափ է տալիս Սահակը և հետևում ինձ։ Թոնիրը ներսում վառվում է և մի մեծ բոց գալարում դեպի երդիկը։ Կողքին, մի դոշակի վրա նստել, բարձին թիկն է տվել իմ հյուրընկալ Մկրտիչ աղան ու մեծահնչուն ձայնով սուրճ է խմում կում առ կամ։ Ամեն կումից հետո երկար փողով պապիրոսը բերնին է դնում, մեծ քանակությամբ ծուխ ներս քաշում, գլուխը բարձրացնում, վիզը երկարացնում և քթածակերից ու բերնից դուրս է վիժում ծխային մի ամպ։ Ծանր, պաշտոնական և խիստ մտախոհ կերպարանք ունի Մկրտիչ աղան։ Խորշամուտ ճակատ, արևակեզ ոսկրոտ այտեր և փաթոթավոր մեծ ֆես, երկար ֆարաջա ու ծալապատիկ նստած դիրք՛ նրանից քեչ հեռու, մի աղջիկ ավլում է հատակի կարպետն ու աշխատում, որչափ կարելի է, քիչ ձայն հանել։ Տանտիկինը հեռու անկյունում մի քանի մանր-մունր մանուկների է հագցնում, մանուկներ, որոնք տկլոր նստած կամ կանգնած՝ կիսամթան միջից շողացնում են աչքերը։ Սենյակի մի կողմից լույս է տալիս ձեթի կանթեղը, որ դրված է պատին խփած փոքրիկ պատվանդանի վրա՝ բարձրում։ Եթե թոնրի բոցը չլիներ, այդ լույսը միայն մի փոքրիկ շրջան հազիվ կարող էր լուսավորել։ Սենյակը մեծ է և բարձր։ Վերից մի երդիկ միայն կա, այն էլ ծածկված գմբեթաձև վանդակով և ապակու փոխարեն՝ պատած յուղոտ թղթերով, բակի վրա նայող պատը շատ բարձրից ունի երկու միջնադարյան, յուղոտ թղթով պատած լուսամուտներ։