Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/281

Այս էջը հաստատված է

Եվ դրանք են տանտունի լույս տվողները։ Դրա համար էլ հեռավոր անկյունները մնացել են կատարյալ խավարի մեջ։ Ինչե՜ր ասես, որ այդ անկյուններում դարսված չլինեն, կործած կաթսաներ, բարձր դիզած անկողիններ, հետո կարասներ, կուժեր…

Թոնրի շուրջն է միայն, որ քիչ կանոնավոր է։ Բարձր սաքու՝ կարպետներով պատած, մի քանի ներքնակ, մի քանի բարձ և մի աթոռակ, որի վրա են դրել աղայի ֆինջանի ափսեն և պապիրոսի մոխրամանը։ Խարույկի լույսը թոնրից ելած՝ կիսովին լուսավորում է այդ բոլորը, սուր լույսի և սուր ստվերի կոնտրաստներ գծում աղայի դեմքի վրա. կրակը ֆշֆշում է, լսվում է ավելի չոր-ռիթմային հարվածները, աղայի սուրճ խմելու երկար շառաչյունը…

Դրսում կատարյալ լռություն է. երբեմն միայն, մի աքաղաղ կանչում է հավաբնի խորքից, նրան հեռվից արձագանք է տալիս մի ուրիշը՝ ժանգոտ ձայնով, ապա հեռավոր տըլընգոցներ և այդ բոլորից հետո, ներսից, մթան մեջ ստվերի պես երևցող տանտիկնոջ խոր հազը…

Սահակը դռան կողքին է թողնում կոչնակը, կոշիկները հանում և ինձ հետ թոնրին մոտենում։

- Բարի լույս, Մկրտիչ աղա։

- Ա՛յ, աստծու բարին… այդ ո՞վ է հետինդ։

- ժամկոչն է։

- Հա՞… դե լավ. այս կողմ հրամմե, որդիս, եկո կողքիս նստե։ Դու էլ, Սահակ, եկո քիչ մը տաքցիր, մրսած կլնես։ Ցուրտ է, հա՞։

- Հա՛, հրամանք ես, լավ ցուրտ է։ Արարք գնացող սխկայեցիք մեկ-մեկ հոխա[1] սառցի քուլաներ ունեին իրենց բեղ ու մորուսի վրա։

- Դաշտում, իհարկե, ավելի ցուրտ կլինի,— ասում եմ ես։

Ավելածությունը դադարում է. սիլուետների պես, կիսամթան մեջ, ջարժվում են մանուկները։

- Մանավանդ Սխկայի կողմը,— դիտել է տալիս ժամկոչը, հետո ձեռքերը պարզում կրակին և՝ «Օ՜ֆ, ինչ լավ կրակ է…» ։ - Կնի՜կ,— դառնում է աղան տանտիկնոջ,— ժամկոչ ախպոր մեկ օղի, թող ներսի կրակն էլ վառվի…

Ծիծաղում ենք։ Տանտիկին–խաթունը մոտ է գնում պատի միջի պահարանին, հանում օղու շիշը, մի փոքրիկ պնակով էլ չամիչ, լցնում է բաժակը օղիով և պարզում ժամկոչին։ Սա առնում է, բարեմաղթում, խմում, չամչից երկու հատ վերցնում, սրբում է բեղերն ու ասում․

- Ուխա՜յ… աստված շեն պահի, լա՜վ տաքացա։

  1. Չափի միավոր (մոտ 400 գրամ)։