Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/283

Այս էջը հաստատված է

— Տեր Հովսեփին կասես,— խոսում է աղան,– որ ժամից հետո գա մեզ մոտ ճաշի, թող ամբիծքը ուրիշներին թողնի։

— Հազըր որ էսօր ամբիծքն ուտի և էգուց էլ ձեր ճաշ՛ը… — ասում է ժամկոչը.— ինչո՞ւ իզուր կորցնի ամբիծքները։

Բոլորս ժպտում ենք։ Նա նկատում է այդ։

— Խաչը՜ , ապա…– շարունակում է նա,— դուք չեք իմանում, թե որքա՜ն ծանր է տերտերների համար, կորցնել մի ամբիծք, թեկուզ թագավորի ճաշին անգամ հրավիրված լինի։ Կտեսնեք, ա՜յ…

— Չէ՛, ժամկոչ,— պնդում է աղան,— տեր Հովսեփը կգա. ի՞նչ կա, իր բաժին ամբիծքը թող տուն ուղարկի։ Ասա, որ մի լավ քյալագյոշ ենք եփել չորթանով։

— Քյալագյո՞շ…

Եվ ժամկոչի բերնի ջրերը շատանում են։

— Հը՜մ…— մռմռում է նա,— ինչ լավ բան որ չինի, իսկույն տերտերին են կանչում… ժամկոչը չոռ ու ցավ ուտի…

— Լա՜վ, լավ,— ժպտում է աղան,— քո բաժինն էլ կտա խաթունը։

— Աստված շե՜ն պահի… Դե՜հ, տաքացա․ գնամ․ ժամ օրհնելու Ժամանակ է. հիմա տերտերները եկած կլինին, մանավանդ ծուռ տեր Ստեփանը, որ հոգիս մինչև այստեղս է հասցրել։

Կոկորդն է ցույց տալիս և սկսում կոշիկները հագնել։

— խա՜ գեո…— շարունակում է նա,— մինչև այստեղս է հասցրել։ Ամենից շուտ է գալիս, դուռը շխկոցով բաց է անում, կոշիկները հանելով թևի տակ է դնում, գժի պես վը՜զզ… վազում դասը։ Վա՜յն եկել է ինձ, եթե ժամ օրհնելու զանգը իսկույն չխփեցի։

— Չէ՞ որ նրան դադարեցրել են քահանայագործությունից։

— Ըմ… ո՞վ կարող է նրա վրա։ Ամեն օր կռվում է տեր Հովսեփի, տեր Եղիշեի հետ… տեր Վարդանի հե՞տ խո… աստված ազատի— շուն ու կատու են։ Ժամի կես տեղում, մեկ էլ տեսար, սա նրան, նա սրան․ էլ բան չի մնալ, որ չասեն, է՜հ էհ, ո՞րն ասեմ… դե՜հ, մնաք բարին, սա՜ղ լինիք…

Եվ բաց է անում դուռը։

— Չմոռանաս, Սախակ,— կանչում է աղան։

— Չե՜մ մոռանալ․ մնաք բարին։

— Բարի եկար։

Ժամկոչը բաց արած դռնից երկնքին է նայում։

— Հո՜, հո՜,— ասում է նա,— հիմա լույսը բոլորովին կբացվի, տեր Ստեփանը կրակ դրել՝ եկեղեցին վառում է ով գիտե, թե որ տեր Վարդանն, էլ եկել է, է՜լ աստված ազատի…