Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/288

Այս էջը հաստատված է

ԱՐՏԸ

Անիից էի վերադառնում և անցնում էի հայկական մի գյուղի միջով:

Գիշերը սաստիկ անձրև էր եկել. այնքա՛ն սաստիկ, որ շատ պատեր ու խրճիթներ փլցրել էր։ Փողոցներից հեղեղներ էին վազում քչքչալով։

Երկինքը միաձույլ կապարագույն ամպերով ծածկված էր. դեռ էլի մեկ-մեկ անձրևում էր:

Լույսը նոր էր բացվել: Կանչում էին մի քանի ուշ մնացած աքաղաղներ, ղողանջում էին եկեղեցու զանգակները: Խրճիթների երդիկներիդ սկսել էին ծխի սյունակներ խիստ ծանրությամբ բարձրանալ և տարածվել տանիքների վրա:

Ձիուս սանձը քաշեցի. և ո՛չ իսկ արագ քայլել էր հնարավոր. փողոցներում առվակներ էին գոյացել։

Գյուղի վերջին խրճիթին էի հասել, երբ նրա դուռը ճռնչաց, գոմի ներսում կովի բառաչը լսվեց, մի քանի մանուկների ճիչեր ականջիս հասան և առաջս դուրս եկավ մի ալեզարդ ծերունի, բահն ուսին։

Մի վայրկան ինձ նայեց, հետո պատերի տակով անցք փնտրեց քայլելու։

Քիչ հետո գյուղից դուրս էինք եկել։ Ես էլ նրա քայլերով սկսեցի գնալ:

Դեմուդեմ, ալիքաձև բարձրանալով, մինչև մշուշալից հորիզոնն էր տարածվում սև լեռնաշղթան։ Նրա կուտակված տարածությունը վերևից թաքնվում էր մառախուղի մեջ և ցածի կողմից ճղփում թացությունով։ Ձյուն էլ, թվում էր որ կար, բայց շա՜տ հեռու. ամպի սպիտակ շերտեր լինեին կարծես։ Թանձր, սևագույն-սպիտակախառն մշուշը ծանրացել էր նաև ձորերի և հովիտների, լեռների և բլուրների շուրջը։ Տեղ-տեղ ցանցաձև, երկնքից գետին իջնող շեշտակի գծերը ցույց էին տալիս, որ խիստ անձրև էր տեղում զանազան կողմերում: Երևում էր, որ ամպերը դեռ շատ ջուր ունեին և այդ գծերը պիտի քայլեին։ Մշուշի քուլաները թավալվում էին բլրակներն ի վար, քարշ գալիս, ցրվում դեպի դաշտերը… և արոտների կանաչ խոտերը, արտերի ցորենի հասկերը կռացրել էին գուխները՝ կաթիլների ծանրության տակ։

Ծերունին սկսել էր ավելի հանդարտ քայլել։ նրա հնամաշ տրեխներից ջուրը հոսում էր գուլպաների մեջ, ոտը թրջում։ Խոնավությունը թափանցում էր բաց կուրծքը և վերարկվի վրա մշուշից կաթիլներ էին դիզվում։

Անցնելով, մի առ մի դիտում էի երկու կողքի արտերը։ Շատերի միայն մի քանի ակոսներն էին ավերվել և մեջտեղում լճակներ գոյացել։

Մի քանիսները լիովին ողողվել էին։ Ջրի հոսանքները արմատախիլ

–308–