Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/289

Այս էջը հաստատված է

էին արել, քշել, տարել ցորենի դալար ծիլերը և հավաքել ակոսների մեջ: Ցեխ էր գոյացել ամեն մի փոքր շավիղի վրա. ամեն մի փոսի մեջ պղտոր կարմրագույն ջուր էր կիտվել և շատ հասկեր լողում էին նրանց երեսների վրա, որպես խեղդվածներ։

— Վա՛խ, վա՛խ,— արեց ծերունին։

Ու առաջ գնաց։

Բայց վնասն ընդհանրապես շատ մեծ չէր երևում։ Հողը դիմացել էր. երևում էին բոլորովին չփչացած արտեր անգամ. ծիլերը դիմացել էին և այժմ զվարթությամբ ցցել էին սկսում իրենց գլուխները. միայն թե կային այնպիսիները, որոնք ոտաբոբիկ էին դարձել,— արմատը մերկացրել։ Ջուրն էր այդպես շինել նրանց։

— Է՛հ, փառք աստծո,— խոսեց ծերունին՝ տեսնելով դրանք,— շատ էլ վնաս չի եղել։

— Քո արտն էլ այդպես կլինի, ծերուկ,— սրտապնդեցի նրան։

Անխոս՝ գլուխն երերցուց։ Կասկածում էր. հայացքը միշտ դեպի հեռուներն էին։ Այդպես քայլելով մենք հեռացանք գյուղից և հետո ծռվեցինք դեպի լեռները։

Ծռվելիս՝ ծերունին մի րոպե կանգ առավ և աշխատեց հեռվից նշմարել իր արտի դրությունը։

— Ո՞րն է արտդ։

— Այն բարձրինը։

Ինչ-որ ջրի հեղեղատներ էին հասում այնտեղ, ջրակույտեր փայլփլում: Միգուցե այդ ջրերը նրա արտի միջովն են անցել, ամեն ինչ սրբել, տարել։

Ծերունին գունատվեց։

— Տունս քանդվել է…— մրմնջաց նա:

— Մի՞թե վնասվել է։

— Չգիտեմ դեռ,— ասաց նա խեղդված ձայնով,– գուցե աչքերս չեն տեսնում… ծերացել եմ…

Առաջ գնացինք։ Մոտենում էինք։ Քայլելն ավելի դժվարանում էր. վերևից գրեթե ցեխի հեղեղ էր, որ իջնում էր ցած, խառն՝ ծիլերով, ցողուններով…

Ծերունին հևում էր. շունչը կտրվել էր: Քիչ էլ քայլեցինք: է՜լ կանաչ չէր երևում, է՛լ ոչինչ. ցեխի հեղեղ և ջուր էր, որ տեսնում էինք. ավերիչ, ապականիչ հեղեղ…

Մի քանի քայլ անելուց հետո կանգ առավ ծերունին և բահը ուսից ցած թողեց։

Իր արտի կողքին էր։ Թշվաո արտ…