այնքան սիրահույզ։ Ձայներ, որոնք հոսում էին մելամաղձիկ, քչքչում էին որպես հեզիկ վտակ, դայլայլում՝ որպես սիրահար սոխակ։
Մարդ թե անասուն, այդ ձայնը լսելիս, ակամա մոտ էր գալիս, քարանում և աշխատում էր չկորցնել ո′չ մի խազը, ո′չ մի գեղգեղանքը։
Նստում էր Հասոն ժայռերի գլխին, աչքերը ուղղած լա՜յն հորիզոնին, Սև-ջուրը գալարապտույտ՝ ոտքերի տակին, զղզղուն զեփյուռը խաղում ճակատին։
Եվ նա նվագում էր։
Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս ոչխարներն այն անմիտ՝ մոռացել էին ուտելը, մոտ էին գալիս։
Հասոն քարերին էր դողացնում, Սև-ջրի ալիքները հուզում, բնությունն էր քարացնում, զեփյուռին ողբացնում, ամեն ինչ շարժում, հրեշտակների նախանձը գրգռում։
Այդպես էր Հասոն։
Էլ ինչպե՜ս ոչխարները չհնազանդեին նրա երգի ձայնին։
Ինքը չէր շարժվում, ոչխարներին նվագով կանչում էր մոտը։
Արածացնելու համար՝ «Բերիկը», ջրելու համար՝ «Խոզաթը»՝ և հեզ անասուններին շուրջը ժողովելու համար՝ ածում էր «Ոչխարի կոչը»։
Ոչխարները լսելուն պես թողնում էին ամեն ինչ, անցնում ամեն բան, գալիս Հասոյի շուրջը հավաքվում։
Ապրում էր Հասոն այդպես երջանիկ, հեռու մարդկանցից, բնության գրկում, լեռների կրծքին։ Երջանիկ էր նա որպես մի իշխան՝ սիրված իր հոտից, նվիրված իր երգերին։
Բայց մի օր Հասոն տեսավ աղայի միակ աղջկան։ Տեսավ ու սիրեց։ Սիրուն էր Զալխեն։ Կախարդիչ՝ աչքերը, սալվի էր բոյր, կամար՝ ունքերը, գողտրիկ՝ թշերը։
Զալխեն էլ տեսավ Հասոյին, Զալխեն էլ սիրեց Հասոյին։ Տխրեց խիստ Հասոն: Կորցրեց աշխուժություն, կորցրեց զվարթություն: Օրերով պտույտ էր գործում պալատի շուրջը, մինչև իսկ եթե ոչխարն այնտեղ ուտելու խոտ չգտներ: Աչքը աշտարակին, նվագում էր տխրագին. սիրտը սրնգի մեջ դնում ու արտասվում։
Զալխեն էլ տանջվում էր։ Թաքնված վարագույրի ետևում, աչքը Հասոյից չէր հեռացնում, ոչ էլ ականջը՝ նրա նվագից: Ո′չ ուտում էր և ո′չ էլ խմում. տանջվում էր միայն։