Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/291

Այս էջը հաստատված է

- Հա՞, հա՞յրդ է, բարիկուն, աղաս, ինտո՞ր ես, աղե՞կ ես… դե՛հ, վեր երթանք։

Եվ ելանք։ Հոսոսը միշտ ետ էր նայում՝ շան հարձակման ազդեցության տակ լինելով դեռ։

- Միամիտ եղիր, -ասաց հարս, -Բառոն խելոք շուն է։

- Խելո՞ք… ամա՜ խելոք․ ըսիր ու ընցար․ քիչ մնաց ուտեր պիտի ինձի։ Դե՛հ, ըսեք նայինք, ինտո՞ր եք։ Գիտնաք՝ որքա՜ն ուրախ եմ ձեզի տեսնելուս, ադա՛մ (մարդ)․ 6 օր է պայթեցա բե՜… Ոչ ինձի կհասկանան, ոչ ալ ես իրենց․ եթե ժամերնին չըլլար, հիչ չպիտի կարծեի, թե հայ են… աղվոր օդա ունիս, աղաս։

- Կնի՛կ, հաց բեր, - հանչեց հայրս՝ դեպի ներքև կռանալով։

- Հա՞ց, - ասաց պոլսեցին, - դեռ չե՞ք ընթրած։

- Մենք ընթրել ենք, - պատասխանեցի, - ձեզ համար է։

- Ինձի՞ … չէ, ախպար, անանկ ընթրիք մը ըրի, որ փաշան անգամ չի կրնար երազել… ծո աս ի՜նչ երկիր է․ յուղը ջրի պես, սերը մածունի պես, գինին աղվոր, անուշ… ի՜նչ բնություն, ի՜նչ անտառներ, ջրեր, ձոր, պարտեզներ…

- Նստեցե՛ք, - հրամցրի նրան և հորս էլ հասկացրի, որ պոլսեցին ընթրել էր։

- Ուրեմն թող գինի և մազա բերե, - հրամայեց հայրս։

Նստեցինք մինդերների[1] վրա։ Սկսվեց մի սովորական խոսակցություն, գինու կուռիկը (հողե թաս) պտտեց, և երբ երկրորդ անգամ պոլսեցին դատարկում էր նրան, թաշկինակով Ճակատը սրբեց ու ասաց․

- Խիստ տաք է, ռես Սարոի այգին աղեկ էր․ հոն էինք նստեր ընթրելու, կանաչ խոտ, սիրուն զովություն մը…

- Մենք էլ ունենք այդպես այգի, - ասացի ես։

- Հա՞, ապա ո՞ւր ենք նստեր հես․ հայդե նայի՛նք, երթանք այգին… հոգ մի ընկեր դուն, աղաս, - դարձավ նա հորս, - ամեն բան մենք կփոխարինենք, դե՛հ, ելեք երթանք…

Հայրս, որ մի տեսակ ներողամիտ ժպիտով դիտում էր զվարթ երիտասարդին, թույլ տվավ ելնելու։

- Լավ, - ասաց նա ելնելով, - գնանք։

Ու ոտքի ելանք․ ես մինդերները վերցրի, Կարապետը՝ ճրագը, պոլսեցին շտապեց գինու պոզիկը վերցնել և իջանք դեպի այգին։ Եղբայրներս ու քույրերս քնից վեր թռած՝ հետաքրքրությամբ դիտում էին մեր արշավանքը։

Գնացինք ընկուզենու տակ, հոսող առվակի եզրին տարածեցինք

  1. փոքրիկ դոշակներ (ներքնակ )