Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/292

Այս էջը հաստատված է

ներքնակները, և երբ բոլորս տեղավորվել էինք, պոլսեցին գինի լցրեց և գոչեց․

- Ըշտե տեսա՞ր մի․ հոս մարդ կրնա ուտել ալ, խմել ալ, բոռալ ալ։ Շատոնց է որ քեֆ մը չէի ըրեր… երգ մը պիտի երգեմ որ…

Եվ սկսեց մի զորեղ, հնչյուն ձայնով կանչել։ Նախ մեր շունը, ապա դրացունը ոռնալ սկսեցին․ մյուսներին էլ արձագանք տվին նրանց, և աղմուկն ընկավ գյուղը։

Դրացիները սկսեցին զարթնել, նախ մոտենալ այգուն, ապա ներս մտնել և ամենայն պարզությամբ, ժպիտը երեսներին՝ տեղ բռնել հորս կողքին։ Սա ընդունում էր ամենքի ողջույնը, բացատրում, թե ինչպես զվարթ մարդ էր «քյություկչի» էֆենդին ու բոլորին էլ գինով հյուրասիրում։

Շուտով երևաց նաև ռես Սարոն։ Լուրը արագությամբ տարածվել էր գյուղում։ Կես ժամվա մեջ գյուղի կեսը հավաքվել էր մեր շուրջը։ Մթան մեջ ամեն կողմ շարժվում էին շապկանց ու կիսամերկ մանուկներ, կանանց ստվերներ՝ պատերի ու ծառերի ետևից։

Շուքի միջից մի առ մի երևան էին գալիս երիտասարդներ էլ, որոնք վարակվելով պոլսեցու զվարթություներից, սկսում էին խմել․ հետո չոր փայտեր ժողովեցին, կիտեցին, կրակ տվին ու մի մեծ խարույկ կազմեցին ընկուզենու կողքին։

Սկսելով մասնավորապես, քեֆը ընդհանուր կերպարանք էր ստանում։ Պոլսեցին ամենքին զվարճացնում էր, ամենքի հետ խոսում, կատակում, գինի հրամցնում և վաղեմի ծանոթի պես՝ նրանց վիճակի մասին հարց տալիս։

Գյուղի մեջ տարածվել էր, որ մեր այգում քեֆ կար։

Խարույկը մեծանում էր, բազմությունը ավելանում։

Խոսում էին, վիճում, գոռգոռում․ գյուղի շները հաչում էին, և գիշերապահները մի առ մի մտնում էին այգին պահ մի զվարճանալու։

- Հայդե նայի՜նք, - գոռում էր քյություկչին ավելի և ավելի ոգևորվելով, - քեֆ ըրեք, բարեկամներս, վաղը ձեր ընկուզենիները պիտի գնեմ․ քար ալ ըլա մեջը՝ պիտի գնեմ… խմե՛ք… կարապետ էֆենդի, կենացդ․ ի՞նչ ես լուռումունջ նստեր, քե՛ֆ ըրե…

2

Ահա այդպես էր, որ սկսեցինք զվարճանալ ամառնավերջի մի շքեզ գիշեր՝ մեր պարտեզի ամենագեղեցիկ մի անկյունում։

Այդտեղ էր գրեթե ամբողջ գյուղը․ ծերունիները մի կողմ հավաքած, կիսամթան մեջ, քահանան իրենց կողքին՝ խոսում էին, ծիծաղում։ Ասպարեզը