Եվ այդ խուլ աղոթքը, խառնվելով կոհակների շառաչյունին, նավակի ծփման ու Թորոսի՝ պարբերաբար նավակից շերեփով ջուր դուրս թափելուն, մի խոր տպավորություն էր սփռում շուրջը։
Բարձրում, գյուղի մեջ, տեղ-տեղ պլպլում էին ճրագներ, հեռուն՝ անտառի ծայրերում, երևում էին նախրորդների և ածխագործների կրակները. իսկ անտառի ստորոտներն ընկղմվել էին խավարի մեջ։
Վերջապես շարժվեցինք։ Թորոսը դադարեց ջուր դուրս թափելուց, հրամայեց առագաստ պարզել և թռավ ափի վրա, որպեսզի նավակը ջուրը մղե։
Ծովի տարածության հորիզոնից սկսում էր երևալ լուսնի կեսը՝ արծաթազօծ կողերով հայելու նման, և լույսի մեջ ողողել դողդողջուն ջուրը։
— Սիրուն է, չէ՞, մեր ծովը,— ասաց քահանան,– մարդ նայելուց չի կշտանում… Բայց շատ էլ կատաղի է անիծածը… Աստված անի, որ փոթորիկ չբարձրանա…
Հետո դարձավ նավավարին և գոչեց.
— Թորոս, փոթորիկ կունենա՞նք։
— Չէ՛, տե՛ր–հայր։
Մեջքը դեմ էր տվել նավակին։ Ասաց, ուժ տվավ, սահեցրեց դեպի ջուրը և ապա ցատկեց նրա մեջ ու դարձավ նավաստիներին։
— Առագա՜ստը…— աղաղակեց նա։
Ու նավակը շրջան գործեց, պատռեց ջուրը. առագաստը արագությամբ բարձրացած՝ ուռավ, մենք ծռվեցինք մի կողմի վրա ու առաջ սլացանք։
— Յա Նարեկա սուրբ ճգնարան,— ասաց Թորոսը, քոլոզը հանեց, խաչակնքեց, հետո նորից դրեց և, որպես թե խոսքը կիսատ էր թողել, դիմեց քահանային.
— Չէ՛, տե՛ր-հայր, աստծու ողորմությունով փոթորիկ չենք ունենա. բայց ալեկոծության խոսք չունեմ, քիչ–միչ…
Նավակը սլանում էր և հետքերի վրա պայծառ գիծ թողնում. երբեմն կողը այնքան ծռում էր, որ ձեռքս կոխում էի ջրերի մեջ և թույլ տալիս, որ մատներիս ծայրերից կաթկթեն շողշողուն շիթեր։
Կղզիներն անհետացել էին. խավար խորքի մեջ ափն էր, այսինքն, Նեբրովթ և Գրգուռ լեռների կույտը և հեռվում Սիփանը իր ձյունափայլ կատարով։ Փչում էր ծովային զով, գրեթե ցուրտ քամի։
Քահանան ցրտից սկսել էր դողալ, մեկմեկու վրա գինու բաժակ էր դատարկում ու մռմռում.
— Կարծես ցուրտ է, հը՞… չե՞ս ուզում, վարժապե՛տ։