Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/30

Այս էջը սրբագրված է

Երկուսն էլ գիտեին, որ շատ հեռու են միմյանցից, որ աղայի աղջիկը հովվի կին չի լինի։

Բայց սերը աստծո կրակն է, շա՛տ զորեղ կրակ: Նա կտրում, անցնում է ամեն հեռավորություն, թափանցում է ամե՛ն խորություն։

Սերը ո՛չ հեռավորություն է ճանաչում, ո՛չ էլ խորություն։

* * *

Հեռատես էր աղան ու խի՜ստ խորամանկ, Շուտով նկատեց Հասոյի սերը։ Բարկացավ, կատաղեց, ուզեց սպանել հանդուգն հովվին. բայց խոհեմ էր, չուզեց իր տան անունը կոտրել հավիտյան և մի հովվի արյունը մտնել ընդունայն:

Բայց ի՞նչ կասեին, եթե իմանային, որ մի չոբան նրա աղջկա ետևիցն է ընկել։ Պե՛տք էր Հասոյին հեռացնել. հեռացնել ինքնակամ, զոհ խորամանկության։ Պետք էր այնպե՛ս մի խաղ սարքել, որ Հասոն ինքը թողներ հեռանար և մեկ էլ այդ կողմերը չվերադառնար։

Մտածեց աղան երկար, մտածեց ու գտավ հնարք։

Մարդ ուղարկեց, կանչեց Հասոյին և ասաց նրան.

— Գիտեմ, Հասո, — ասաց չար աղան, — գիտեմ, որ սիրում ես դու իմ աղջկան։ Քաջ տղա ես ինքդ, լսել եմ, լավ էլ ածում ես սրինգ։ Աղջիկս քեզ կտամ, միայն կդնեմ մի պայման։

Լսել եմ, որ ոչխարները քեզ հնազանդում են և սրինգիդ ձայնից գրավված՝ քեզ մոտ գալիս են։

Գետնից մինչև այդ բարձր աշտարակը, — տեսնո՞ւմ ես նրան, — դնել կտամ փայտյա սանդուղքը. դու կնստես այնտեղ բարձրում, ոչխարները կժողովվեն ցածրում։ Ահա պայմանը։ Եթե դու բարձրից, սրինգդ հնչեցնելով, կարողացար ոչխարներին սանդուղքի վրայով քեղ մոտ վեր հանել, այն ժամանակ աղջիկս քեզ հալալ, ա՛ռ ու վայելիր:

Ապա թե ոչ՝ խայտառակ եղիր, ինչ ունես-չունես հավաքիր և քանի շուտ է՝ այս կողմերից հեռացիր: Մի հովիվ աղայի փեսա չի լինի, այդ էլ խելքիցդ հանիր…

Հասոն ժպտաց, խոր գլուխ տվեց.

- Տե՛ր ես, աղա, — ասաց. — ասածիդ համաձայն եմ։

Եվ շինել տվեց աղան փայտյա սանդուղքը։ Իննսունևինն աստիճան ուներ նա։ Հասոյից ծածուկ կոտրեց նրա մեջտեղի մի աստիճանը, կոտրածը նույն կերպով դրեց իր տեղը այնպես, որ ոչինչ չէր երևում, բայց մի թույլ սեղմումն հերիք կլիներ փայտը ձգելու և մի աստիճանից