Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/306

Այս էջը հաստատված է

* * *

Անցան ամիսներ։ Կովկասը լցվում էր լացի երկրից դուրս հոսող գաղթականներով ու փախստականներով, ամեն մի քաղաքի դռների, եկեղեցիների առաջ երևում էին ցնցոտիներով խմբեր՝ կին, մարդ, որբեր, որոնք ձեռք էին պարզում, հաց խնդրում, պատսպարան հայցում։ Որ քաղաք որ մտնում էի՝ թշվառ հայրենակիցների էի հանդիպում։ Մարդիկ, որոնք իրենց երկրում տասնյակ աղքատներ էին կերակրում, այժմ նստած ձրի ճաշարանների նստարանների վրա, գլուխները կախ, որ չճանաչվեին, արտասուքը կուլ տալով ուտում էին մի կտոր հաց անոթությունից չմեռնելու համար։

Որ եկեղեցու առջևից որ անցնում էի, դռների առաջ տեսնում էի ծանոթ դեմքեր, կանայք, մանուկներ՝ ողորմելի, գլուխնին ծռած, աղաչավոր և մուրացկանության դիմելուն համար ամոթից ու ցավից կարմրած, զգետնած…

Ահա և բարեգործական ընկերության մի գրասենյակ։ Քանի՜-քանի՜ տասնյակ տղամարդ ու կին, մեծ մասամբ թշվառացած, ընկճված, շվարած ու մոլորված, կիտվել են փակված դռան առաջ, կուչ եկել պատի տակ և սպասում են ճաշ կամ մի քանի կոպեկ ստանալու համար… Եվ ահա դուրս է գալիս քարտուղարը, բոլոր ընկճվածները պատկառանոք ետ են քաշվում, աղերսագին ուռած պարոնին նայում, աղաչում են, հաց խնդրում, իրենց խնդիրներին պատասխան հայցում և լսում են քարտուղարի կաչաղակային ճիչը.

— Գնացե՛ք, կորեք այստեղից, ի՞նչ եք զահլես տանում, գնացեք գործեցեք…

Այո, «ազգասերիս զահլեն էլ է գնացել այդ աղերսներից, թշվառություններից. նա այլևս կոպտությամբ վռնդում է ընկած եղբորը, որ ոչ մի ժամանակ ետ չէր դարձրել հայցողին՝ այն օրերում, երբ ունեցել է, երբ կարողացել է օգնել։

Շատ բան տեսա, ավելի խոսք և բառեր լսեցի իբր ցավակցություն նրանց դրության, քան գործ և օգնություն…

Եվ ահա մի օր, երբ անցնում էի մի մեծ դռան առջևից, լսեցի բակից մանկական երգի ձայն։ Ներսում ժողովվել էին ծառաներ, աղախիններ և անցորդներ, պատշգամբներից կռացել էին ժպտուն և զվարթագին սիրուն աղջիկներ ու պարոններ, զվարճանում էին մի սրտաճմլիկ տեսարանով։

Երկու մանուկ էին. մեկը հասակավոր տղա, մյուսը հինգ տարեկան աղջիկ։ Երկուսն էլ գրեթե ոտաբոբիկ, ցեխի մեջ և ցրտի դեմ մի ամառային