Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/307

Այս էջը հաստատված է

շորով պատսպարված։ Տղան դողդողալով երգում է մի քրդական երգ, մի տխուր, մելամաղձիկ պար, իսկ աղջիկը կրկնում էր նույնը և ոստոստում, դառնում իր վրա։ Պարում էր. արտասուքը հոսում էր նրա այտերից մրսած այտերն ի վար. ձեռքերը կծկել էր թևերի տակ, վեր ու վար էր անում ոտները, կանչում, ողբում ու պարում։

Մոտ գնացի, տղայի ձայնը զարթեցրեց իմ մեջ տխուր հիշողություններ։ ճանաչել էի։

Խնուսի լեռների փախչող խմբից մնացած որբերն էին։ Բայց ո՞ւր էր նրանց մայրը, չէ՞ որ խոսք էր տվել ապրել և անտեր չթողնել իր զավակներին։

Հարցրի։ Մեռել էր, չգիտեին՝ ինչի՛ց. գիտեին, որ մեռել էր և իրենք ընկել էին սրա-նրա ձեռքը, քաղաքից քաղաք և այժմ ստիպված էին հաց ճարել։ Նրանց երգ էին սովորեցրել և ուղարկել մուրալու։

Եվ որբուկները ցատկոտում էին, երգում, պարում ու… արտասվում։


ԿԸՇԼԱՆ

[1]

1

…Երբ Ոստան հասա, դեպի Սպիտկո վանքն ելնող ճանապարհի վրա ծիրանիների ստորոտում հանգչող մի երիտասարդի հանդիպեցի։ Ռուսիացի էր։ Մեր ծանոթությունը շուտ կատարվեց։ Նա էլ էր գնում վանքը՝ Աղթամարի կաթողիկոսին այցելելու։ Վեհափառը մի քանի օրից ի վեր էր, որ Ոստանի այդ վանքն էր եկեք Արտոս լեռների մեջ ամառն անցկացնելու համար։

Լավ էր, որ ընկեր գտա, ապա թե ոչ՝ անտանելի էր դառնալու մենակ քայլելու այդ շոգին ու փոշոտ ճանապարհով։

Խոսակցելով, ծխելով, հաճախ հանգչելով, կարողացանք երեկոյան դեմ բավական բարձրանալ։ Բարեբախտաբար ամպերի խոշոր կտորներ անցնում էին երկնքի վրայով և անցողակի, բայց թեթևացնող ստվերներ սփռում մեզ վրա։

Նախիրը վանքն էր վերադառնում, երբ մենք մի փոքրիկ ձորակ էլ կտրեցինք և հասանք Շամիրամա առվին։

  1. թրքական զինվորների համար ձմեռային բնակարան։ զինվորանոց։