Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/308

Այս էջը հաստատված է

Տեսարանը շքեղ էր. արևը մայր էր մտնում, ցածում՝ Ոստանի հովիտը, և հորիզոնի վրա՝ կապուտակ ծովը, առաջներս Արտոսի լեռնաշղթան՝ կանաչագեղ ու շողշողուն, և պուրակներ, որոնք ձգվում–հասնում էին մինչև բարձր գագաթները։ Ահա և վանքն իր փոքրիկ գմբեթավոր մատուռով և կողքին գտնվող հին, ընդարձակ միակ բնակարանով։ Ապա մի ընդարձակ ծառաստան-պարտեզ, որոնց ստվերների տակով հոսած էր սքանչելի վճիտ ջրերով Շամիրամա առուն։

Նախիրն այդ միջոցին հասնելով՝ իջնում էր վանքի առաջ։ Ամեն կողմից լսվում էին բառաչ, մկկոց, հովվական շները հաչում էին, նախրորդները ցուպերը բարձրացրած՝ աշխատում էին ոչխարներին դեպի գոմն անել, շոշրարները (կաթ կթողները) փայտյա կուշերով զինված՝ վազվզում էին տավարի մեջ։ Վանքն էին վերադառնում նաև հնձվորներ, կալսողներ, հոտաղներ, որոնք բոլորն էլ շրջակա գյուղերի բնակիչներից էին և եկել էին զուբարայով (ձրի) բանելու վանքի համար։ Երեկոյան վանքն էր նրանց ընթրիք տալու։ Շներն իսկույն մեր հոտն առին և խմբովին հաչելով՝ վազեցին դեպի մեզ։ Մի նախրորդ առաջ եկավ, հալածեց գամփռներին և պատկառանոք տարավ մինչև մառանը։

-Կաթուղիկոսը որտե՞ղ է։

— Այգում նստել է… Ահա Ղազար հայր-սուրբը։

Մի երկար վարդապետ, որ ախոռից դուրս եկել՝ դեպի պարտեզն էր ուղղվում, որ նկատելով մեզ, կանգ առավ ու սպասեց։

Մոտ գնացինք։

-Աստված օգնական։

— Աստված պահապան, որդիք, եկել եք ուխտի՞։

- Այո, հայր-սուրբ, եկել ենք նաև վեհափառին այցելելու։

Վեհափառը այգումն է, առաջնորդեմ ձեզ։

Ու նա առաջ ընկավ։ Շատ հեռու չէր։ Լայն առվի եզերքում, մի ուռենու հովանու տակ փռել էին գորգ։ Նրա վրա էր, որ դերձակի պես բազմել էր Աղթամարի Խաչատուր կաթուղիկոսը։ Մի միջահասակ, թխլիկ, վիզը կարճ ու կապուտաչյա երանելի։ Ոտները ծալած, առջևը մի ֆնջան սուրճ, աջ ձեռքին դեղին մեծ սաթերից շինած մեղեսիկ, նայում էր հեռուները։

Երբ նկատեց մեզ, ուղղվեց, շարժվեց ու ասաց.

-Համեցեք, էֆենդիներ։

Մոտեցանք աջն առինք, հետո նստեցինք գորգի եզերքին և կաթուղիկոսի հրամանով Ղազար վարդապետը ետ գնաց, որ մեզ համար սուրճ պատվիրի։