Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/310

Այս էջը հաստատված է

— Հրամանք ես, Վեհափառ, որտե՞ղ հրաման կընեք ճաշելու հո՞ս, թե ներսը։

— Ներսը, ներսը, ես կսիրեմ աչքովս տեսնել թոնրեն ելնող կերակուրներուն պուտուկներուն ու անոնց հոտն առնուլ։

Այս խոսքերը ասելով նա ոտքի ելավ ու ծանրությամբ առաջ ընկավ։ Մի գյուղացի, որ հեռվում սպասում էր, մեր ելնելուց հետո մոտ գնաց և ժողովեց գորգն ու բարձը։

2

Այսպես ահա ծանոթացանք Աղթամարի կաթուղիկոսի հետ, որ երերվելով անցավ մառանի պատերին կպած բազմաթիվ խոնարհվող և իր աջին մոտեցող գյուղացիների միջով ու մեծ տանտունը մտավ։ Վանքի միակ սենյակը՝ այդ տանտունը մի ցած առաստաղով ահագին սենյակ էր, պատերը թոնիրներից արձակված ծուխից սաստիկ սևացած։ Միայն վերևի մասն էր, թոնիրների կողքին, որ լուսավորված էր երկու ձեթի ճրագներով, որոնք դրված էին միմյանցից երկու քայլ հեռավորության կանգնեցրած ճրագկալների վրա։ Մութ մասը, որ մի րնդարձակ տարածություն էր կազմում և ուներ շատ խավար խորշեր, զբաղեցրած էր հազար մի տեսակ կարասիներով։

Այնտեղ տեսնվում էին յուղի, պանրի, ղավորմայի, գինու և այլ կարասների շարքեր, ալյուրի երկու մեծ դարան, դիզացած ցախ ու փուշ մինչև իսկ աթար։ Պատերից, օճորքից, ամեն կողմ կախված ու դրված կային շշեր, մաղեր, ավելներ… Մի խոսքով, ինչ ուներ-չուներ վանքը, կիտած էր այդտեղ։

Կաթուղիկոսը նստեց փռված մինդերի վրա. Ղազար վարդապետը չոքեց նրա ետևից՝ կողքում, իսկ մենք տեղավորվեցինք ավելի ցած։ Քիչ հեռու կիսամթան մեջ, պատի տակ, լուռումունջ եկան նստելու հետզհետե 10—12 գյուղացիներ, որոնք իրենց ակնարկը չէին հեռացնում կաթուղիկոսից և հետևում էին նրա յուրաքանչյուր շարժմանը։ Երբ նստեցինք, տնտեսուհին մոտեցավ և սփռոց տարածեց։

— Հա, հա՞ց ենք ուտելու,— ասաց վեհափառը,– շատ աղեկ, անոթի եմ։ Ի՞նչ ունիս, Խաթուն, լավ թան շինե՞ր ես։

Պառավ տնտեսուհին յազմայի վերին ծայրը մինչև աչքերն իջեցրեց, ցածից էլ բերանը ծածկեց և գլխով դրական պատասխան տվավ։

— Դե, աստված օրհնե քեզ, շուտ ըրե… է, աղաներ,— դարձավ մեզ,— ըսեք, նայինք, շատ տեղ պտտեցա՞ք…

Երրորդ անգամն էր, որ նույն հարցն էր տալիս։