Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/311

Այս էջը հաստատված է

— Այո, վեհափառ,— պատասխանեցի ես։

— Ս. Եղիշեի գերեզմանն էլ գնացի՞ք… Չարխափան ս. Նշան։

— Ոչ դեռևս։

— Հա՞… է, վաղը գնացեք, տեսեք մեյմը ս. Եղիշեի գերեզմանը ես նորոգել տվի. որ տեսնես՝ կհավնիս. անհավատ ես նե՝ չես հավնիր… Հե, հե, հե, գիտես, աղաս,— դարձավ նա ընկերոջս,— անունդ շնորհե՞ս… մոռցա։

—Կարապետ։

— Հա, Կարապետ աղա, գիտե՞ս, ես քեզի փռոտ կարծեցի․ ինչ որ է. անոր հայրը կճանչընամ… հրամանքդ պարսկաստանցի՞ ես ըսիր, չէ՞…

Ու վեհափառը այդպես կցկտուր, մեկ հարցից մյուսը, մեկ մտքից մյուսը ցատկելով՝ մեզ չէր նայում, այլ տնտեսուհու արածներին էր հետևում, ձեռքերով ուղղում էր առջևը դրած հացը, դեն հրում սևացած կտորները ու զննում, թե որքան սողառած էին ածում թանի երեսի վրա:

– Այո՛, պարսկաստանցի եմ,— պատասխանեց ընկերս։

— Հրամանքդ ասոր ընկերն ես, չէ՞… Խաթուն, ձուկ չունի՞ս առ երեկո։

Խաթունը մի բան փսփսաց մոտը նստած գյուղացուն։

— Հոգևոր տեր,– բացատրեց վերջինս,— ձուկը փլավի համար է պահված, բայց եթե կհրամայես…

— Չէ՛, չէ՛, թող աս երեկո ձուկ չըլլա, թանը տուր… Ղազար վարդապետ, գինի ունի՞ս։

— Հրամանք ես, վեհափառ։

— Լավ… հըմ, հա, ինչ ըսի՞ր։

Ընկերոջս էր ուղղում հարցը և գդալը ձեռք առնում։

Տաք թանը, վրան կապույտ ծաղկի թերթերունքներով խառն սոխարած՝ մեջտեղ եկավ։

— Ես ոչինչ չասացի, վեհափառ։

— Հը՜մ… չըսի՞ր,— ու դգալը պարզեց,— ես ըսի կարծեմ… հա հրամանքդ ասոր դասընկե՞րն ես։

— Ոչ, վեհափառ, ես ուրիշ ուսումնարան եմ սովորել, Մոսկվա։

— Մոսկով, հոն ա՞լ հայոց դպրոց կա։

— Կար, այս, Լազարյան ճեմարանը՛

— Հա, լսեր եմ… ապրիս, որդիս։ Դեհ, սկսենք… «ճաշակեսցուք խաղաղությամբ, օրհնյալ է տեր ի պարգևս յուր, ամեն» Համեցեք, մոտեցեք…

Հետո, երբ մի քանի դգալ խմել էր, շարունակեց.